ԱԺ-ն կքննարկի արտակարգ դրությունը երկարացնելու հարցը. դրանից բացի ևս մեկ նիստ են անելու

Նիստում ընգրկված հարցերի հրատապությունը ՀՀ առողջապահության նախարարությունը հիմնավորում է Հայաստանում կորոնավիրուսի վարակի տարածմամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ արտակարգ դրությունը երկարաձգելու մասին՝ կառավարության այսօրվա արտահերթ նիստում ընդունվելիք որոշումը ԱԺ-ն կքննարկի այսօր ևեթ, հատուկ նիստում:

«Խորհրդարանը պետք է հնարավորություն ունենա հաստատելու կամ գուցե չեղարկելու որոշման որոշ կետեր: Մենք այժմ կարող ենք խոսել միայն ենթադրյալ ժամկետների մասին՝ հաշվի առնելով որոշման որոշ տեխնիկական հարցեր: Բայց չի բացառվում, որ հատուկ նիստը գումարվի ժամը 13:00-ից 13:30-ի սահմաններում»,-ասաց Միրզոյանը՝ պատգամավորներին հորդորելով այդ ընթացքում չհեռանալ ԱԺ շենքից:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունն այսօր, ժամը 12:00-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում է արտակարգ դրության ժամկետը ևս 1ամսով երկարացնելու հարցը:

Արսեն Թորոսյանն առաջարկում է երկարացնել արտակարգ դրության ժամկետը

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 1039. ևս մեկ մարդ մահացել է

Իսկ ԱԺ-ն այսօր մեկ այլ արտահերթ նիստ է գումարել՝ ՀՀ կառվարության կողմից հրատապ կարգով ներկայացրած մի քանի հարցերի ընդունման համար:

Նիստի առաջին հատվածը քիչ առաջ ավարտվեց: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման» և «Լիցենզավորման մասին», ինչպես նաև «Դեղերի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծերը:
Երկրորդ ընթերցմամաբ նախագծերի քննարկումը նույնպես տեղի կունենա այսօր:

Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԱԺ պատգամավորները մինչ երկրորդ ընթերցում 3 ժամ ունեն իրենց առաջարկները ներկայացնելու համար:

Դրանք կքննարկվեն գլխադասային հանձնաժողովում: Իսկ հանձնաժողովի նիստի ավարտից անմիջապես հետո ԱԺ-ն կշարունակի արտահերթ նիստը, նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հաստատելու համար:

Հիշեցնենք՝ Հայաստանում արտակարգ դրություն էր հայտարարված մարտի 16-ից ապրիլի 14-ը: Այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասել է 1039-ի: Մահացել է 14 հիվանդ: 

Պարետն առաջարկել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը