Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացին տեղափոխվում է Շուշիի բուժմիավորում

Նրա ընտանիքի 5 անդամները տեղափոխվելու են մեկուսացման համար առանձնացված հաստատություն. նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, հիվանդությանը բնորոշ ախտանիշներ չկան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Արցախում կորոնավիրուսի վարակով երեկ հաստատված քաղաքացին Շահումյանի շրջանի Քարվաճառի բուժմիավորումից այսօր տեղափոխվում է Շուշիի բուժմիավորում: Տեղեկությունը հաղորդում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։ 

Համաձայն հայտարարության` նրա ընտանիքի 5 անդամները, ովքեր մինչ այս պահը ինքնամեկուսացած էին, տեղափոխվելու են մեկուսացման համար առանձնացված հաստատություն. նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, հիվանդությանը բնորոշ ախտանիշներ չկան:

Արցախում կորոնավիրուսով վարակվածներից մեկի վիճակը միջին ծանրության է

Այս պահի դրությամբ Արցախում նոր թեստավորումներ չեն իրականացվել:

Հիշեցնենք, որ ապրիլի 12–ին հայտնի դարձավ, որ Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է մեկով և դարձել 6։

Ապրիլի 7-ին հայտնի դարձավ, որ Արցախում կորոնավիրուսի դեպք է հաստատվել. վարակվածը Միրիկ գյուղի բնակիչ, 60 տարեկանից բարձր տարիքի տղամարդ է, որն ապրիլի 2-ին առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, այնուհետև տեղափոխվել Երևան:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Այն կտևի մինչև մայիսի 12-ը։