Ովքեր ու ինչպես են «խաղում» գների հետ. ՏՄՊՊՀ նախագահը խոստանում է խիստ պատժել

Ինչպես է պատահում, որ Հաաստանում ձուն ու շաքարավազը սկսում են ինքնարժեքից ցածր վաճառվել, իսկ կոճապղպեղի գինը հասնում է 16 000 դրամի։ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում անդրադարձել է շուկայի անոմալ զարգացումներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի- Sputnik. Նելլի Դանիելյան. ՏՄՊՊՀ–ն որոշ ապրանքային շուկաներում դեմպինգային երևույթներ էր նկատել ու վարույթներ հարուցել դեռևս մինչև կորոնավիրուսի համաճարակն ու արտակարգ դրություն հայտարարելը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

Գներն իջնո՞ւմ են. ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է որոշ ապրանքների գների դիտարկումները

«Երբ դեկտեմբերին մենք 189 դրամով շաքար տեսանք, դա ինքնարժեքից ցածր վաճառվող ապրանք էր և կար դեմպինգի հետևանք։ Նույն երևույթը նաև ձվի շուկայում կար»,– ասաց Գևորգյանը։

Հանձնաժողովի դիտարկումներով՝ 2020թ–ի փետրվարին շաքարավազի 1 կգ-ը Հայաստանի մանրածախ շուկայում վաճառվել է 230, այսօր արդեն՝ 255 դրամով։ Իսկ 2018թ–ի փետրվար–մարտին շաքարավազի գինը հասել է մինչև 380 դրամի։

Տարեսկզբին՝ մինչև փետրվար ամիսը, ձվի գինն ընկել էր մինչև 18, 20, 24 դրամի` կախված չափերից, ինչը, ըստ  Գևորգյանի, անոմալ երևույթ է։

ՏՄՊՊՀ–ն ձվի արտադրությամբ զբաղվող փոքր տնտեսվարողներից այդ շրջանում բողոքներ էր ստացել այն մասին, որ չեն կարողանում մրցակցել ինքնարժեքից ցածր վաճառվող ձվի շուկայում։ Հանձնաժողովն այդ բողոքների հիման վրա վարույթ է հարուցել, որի ընթացքում դեմպինգի վերաբերյալ առկա կասկածներն ավելի են ամրապնդվել։

Վարչապետի հեղափոխական հազն ու իմբիրի գինը. Փաշինյանը հասկացել է գնաճի պատճառը

Շաքարավազից ու ձվից բացի, հանձնաժողովը վարույթներ է հարուցել նաև հավի մսի, ձեթի ու դիզվառելիքի շուկայում, որոնց արդյունքներն առաջիկայում կներկայացվեն նաև հանրությանը։

Հետաքրիր զարգացումներ են բացահայտվել նաև կոճապղպեղի շուկայում։ Այստեղ ճիշտ հակառակ պատկերն է։ Կորոնավիրուսի տարածման հետևանքով հայտարարված արտակարգ դրության առաջին 2 շաբաթվա ընթացքում մթերքի գինը խանութներում 3000-4000-ից հասավ 15000-160000 դրամի։

Ովքեր ու ինչպես են «խաղում» գների հետ. ՏՄՊՊՀ նախագահը խոստանում է խիստ պատժել

«Մեր նախնական տպավորությունը ուսումնասիրությունների արդյունքում այն է, որ որոշ միջնորդ սուբյեկտներ Մեյմանդարի կամ այլ շուկաներից ձեռք են բերել իմբիրի որոշակի քանակ արդեն բարձրացրած գնով։ Այնուհետև, քանի որ մտել են հարկային դաշտ, հարկերն են ավելացել, իրենց մարժան է ավելացել, և ապրանքն արդեն վաճառվել է առևտրային բարձրացված գնով»,– նշեց Գևորգյանը։

Կոճապղպեղը սուպերմարկետներում վաճառվել է մինչև 16900 դրամով․ ՏՄՊՊՀ

Կոճապղպեղի շուկայում ուսումնասիրությունը դեռ ավարտված չէ, և հանձնաժողովի նախագահը խոստացավ ավարտից հետո հանդես գալ հայտարարությամբ` սպառողներին ներկայացնելով, թե ինչն է թանկացման իրական պատճառը։ Բայց արդեն իսկ հայտնի է` ներմուծողները կոճապղպեղը Հայաստան են բերել նախկին գնով, վաճառողները ևս իրենց մասնաբաժինը չեն ավելացրել, բայց ապրանքը ներկրողից վաճառողին հասցնելու ընթացքում դրա գինն ավելի քան 5 անգամ աճել է։

Հետաքրքրական է, որ կոճապղպեղի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություն չկա, հնարավոր չարաշահումն էլ վերաբերել է մի քանի հարյուր կիլոգրամ ապրանքին։

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ հանձնաժողովն առաջիկա օրերին որոշել է արագացնել հարուցված վարույթների ընթացքը` տեսակապի միջոցով նիստեր հրավիրելով։ Այնպես որ, մոտ ապագայում հանրությանը կներկայացվեն չարաշահումներ թույլ տված տնտեսվարողների անունները։

Հայաստանում «ապոկալիպտիկ թանկացումներ» չեղան և չեն էլ սպառնում․ Փաշինյան

Դե, իսկ արտակարգ դրության ժամանակահատվածում չարաշահումներ թույլ տվողները ՏՄՊՊՀ նախագահի խոսքով, կենթարկվեն օրենքով նախատեսված ամենախիստ պատասխանատվության։