Ռուսաստանից Հայաստան վերադարձող քաղաքացիներին դեսպանությունը քաղցրով է ճանապարհում

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Սուրբ Հարության տոնի առիթով դեսպանության աշխատակիցներն իրենց թռիչքին սպասող ուղևորներին զատկական տոնական թխվածք են բաժանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի-Sputnik. Երրորդ չարտերային չվերթով Ռուսաստանից Հայաստան վերադարձող քաղաքացիները հյուրանոցներից տեղափոխվել են «Դոմոդեդովո» օդանավակայան։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ուղևորների հաշվառումն արդեն սկսված է։ Քանի որ հայրենիք վերադարձի թռիչքը համընկել է սուրբ Հարության տոնի հետ, դեսպանության աշխատակիցներն օդանավակայանում զատկական քաղցրավենիքով շնորհավորել են ուղևորներին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 12-ին կկայանա Մոսկվա-Երևան երրորդ չարտերային չվերթը։ Չվերթն իրականացնում է «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը։

«Ես ուղղակի ապշած եմ». Նարեկ Հախնազարյանը կարանտինը կանցկացնի երևանյան հյուրանոցում

Այս չվերթով Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել այն ՀՀ քաղաքացիներին, որոնք Մոսկվա էին ժամանել Ռուսաստանի այլ քաղաքներից Հայաստան մեկնելու նպատակով, բայց թռիչքների չեղարկման պատճառով չէին կարողացել մեկնել, նրանց, ովքեր այս օրերին գտնվում են դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներում, ինչպես նաև մանկահասակ երեխաներ ունեցողներին, մեծահասակներին, հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին, ծայրաստիճան բարդ կացության մեջ հայտնվածներին:

Նարեկ Հախնազարյանը ներկայացնում է իր «մեկուսարանը». տեսանյութ

Հիշեցնենք, որ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի․ այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր: Ավելի վաղ Մոսկվայից Երևան ևս երկու չարտերային չվերթ էր իրականացվել։