Նարեկ Հախնազարյանը «մեկուսարանում» Բախ է նվագում. տեսանյութ

Հայտնի թավջութակահարը յուրահատուկ ձևով շնորհավորել է իր հետևորդներին` սուրբ Հարության տոնի կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Երևանյան հյուրանոցներից մեկում մեկուսացված աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը սուրբ Հարության տոնը երաժշտական կատարմամբ է շնորհավորել։ Տեսանյութ-շնորհավորանքը նա հրապարակել է Instagram-ի իր պաշտոնական էջում։

«Գիտեմ, որ Սուրբ Զատկի այս օրը շատերը նշում են հարազատներից և բարեկամներից հեռու, ուզում եմ ձեզ համար կատարել Յոհան Սեպաստիան Բախի «Սարաբանդան» և հույս ունեմ, որ այս անմահական երաժշտությունը մի փոքր ուրախություն, լույս և հանգստություն կբերի ձեր օջախներին»,- ասել է իր վիրտուոզ կատարումներով աշխարհի տարբեր երկրներում հանդիսատեսի սիրտը նվաճած Հախնազարյանը։

Նարեկ Հախնազարյանը ներկայացնում է իր «մեկուսարանը». տեսանյութ

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նարեկ Հախնազարյանը պարտադիր կարանտինային ռեժիմ է տեղափոխվել ապրիլի 7-ին։ Նա Ռուսաստանից Հայաստան էր վերադարձել չարտերային չվերթով և մեկուսացվել Երևանի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում չվերթի մյուս ուղևորների հետ միասին։

Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիաընկերության իրականացրած Մոսկվա-Երևան չարտերային երկու չվերթերով Հայաստան են վերադարձել ՌԴ-ում գտնվող շուրջ չորս հարյուր ՀՀ քաղաքացիներ:

ՀՀ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ եղել են քաղաքացիներ, որոնք չեն կարողացել հայրենիք վերադառնալ նշված չվերթերով։ Նրանցից մոտ 200-ը դեսպանության համակարգմամբ տեղավորվել է 4 հյուրանոցներում: Մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիներ էլ հրաժարվել են տեղափոխվել հյուրանոց՝ նախընտրելով մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում: 

Քաղաքացիները կարանտինային պարտադիր ռեժիմում կանցկացնեն 14 օր։