Մեկուսացված փոքրիկն ու բժիշկը հավկիթ են «կռվացնում». Զատիկը հիվանդանոցում. լուսանկար

Հերթապահող բժիշկները շրջում են «մեկուսարաններում», շնորհավորում քաղաքացիներին ու նույնիսկ ավանդական հավկիթախաղին մասնակցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի- Sputnik. Երևանում մեկուսացված քաղաքացիներն ու հերթապահող բժիշկները ևս նշում են Սուրբ Զատիկը: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է պաշտպանիչ, հատուկ հանդերձանքով բժիշկը հավկիթ «կռվացնում» մեկուսացված փոքրիկ քաղաքացու հետ։

Ռուսաստանից Հայաստան վերադարձող քաղաքացիներին դեսպանությունը քաղցրով է ճանապարհում

«Բոլոր նկարների մեջ այնքան ջերմություն, այնքան հույս, հավատ ու միասնականություն կա, որ վստահ կարող ես ասել՝ այս ամենը անցնելու է, մեր բոլորիս կյանքը փոխվելու է ու թքած, թե որոշները ինչպես կվերաբերվեն ու ինչպես կփորձեն խանգարել»,- լուսանկարին կից գրել է Ասատրյանը։

Ասատրյանը նշում է, որ նման լուսանկարներ արդեն տարբեր մեկուսարաններից են ուղարկվել։ Մեկուսացված լինելն ու կարանտինային ռեժիմում գտնվելը չեն խանգարում սուրբ Հարության տոնն ավանդական ձևով նշել։

Նշենք, որ այսօր` ապրիլի 12–ին Հայ առաքելական եկեղեցին նշում է սուրբ Հարության տոնը` սուրբ Զատիկը։ Արտակարգ դրության պատճառով այն նույն շուքով չի նշվել, ինչպես նախորդ տարիներին։ Պատարագը մատուցվել է առանց հավատացյալների, նրանք սուրբ պատարագին հետևել են ուղիղ եթերի միջոցով։