ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի- Sputnik. Հայոց դրոշի գույներով ներկված հավկիթներ, բրնձով, չամիչով փլավ և, իհարկե, ձուկ. զորամասերում ևս սուրբ Հարության տոնին ավանդական հայկական սեղան է գցվում։ Պաշպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել։
Սեղանները ոչ միայն ավանդական ուտեստներով են ծանրաբեռնված, այլև տոնական տեսք ունեն՝ կանաչ ածիկ, զատկական գաթա ու նույնիսկ կարմիր գինի։
Նարեկ Հախնազարյանը «մեկուսարանում» Բախ է նվագում. տեսանյութ
Լուսանկարներին կից նաև կարճ տեսանյութ է հրապարակվել։ Քահանան շնորհավորում է սուրբ Հարության տոնի առիթով, ապա զինվորները տերունական աղոթքն են ասում։ Դրանից հետո քահանան օրհնում է հավկիթները, դրանք բաժանվում են զինվորներին, ու սկսվում է տոնական ընթրիքը։
Նշենք, որ այսօր Հայ Առաքելական սուրբ եկեղեցին նշում է 5 տաղավար տոներց մեկը` սուրբ Հարության տոնը, որը ժողովրդի մեջ ընդունված է Զատիկ անունով։ Կորոնավիրուսի և արտակարգ դրության պատճառով հայոց եկեղեցիներում պատարագն ընթանում է առանց հավատացյալների։