«Օրգանիզմս պայքարեց հիվանդության դեմ»․ Բաչկովը հաղթեց կորոնավիրուսին

Հայաստանի հավաքականի առաջատար բռնցքամարտիկներից մեկը՝ Հովհաննես Բաչկովը, 14-օրյա մեկուսացումից հետո ապաքինվել է կորոնավիրուսից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի-Sputnik. Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մարզիկ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովն ապաքինվել է կորոնավիրուսից։ Գյումրեցի մարզիկն այս մասին հայտնել է Facebook-ի իր էջում: Սա անվանի բռնցքամարտիկի հերթական հաղթանակն է՝ ռինգից դուրս:

Լավ լուր. Շիրակի մարզի 5 բնակիչ ապաքինվել է կորոնավիրուսից

«Լոնդոնից վերադառնալուց հետո ինքնամեկուսացվել եմ տանը՝կասկածելով,որ վարակված եմ covid_19-ով։ Վեցօրյա տնային ինքնամեկուսացումից հետո թեստավորվել եմ. ցավոք, պատասխանը դրական էր։ Տասնչորս օր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացվելուց հետո կրկին թեստավորվել եմ։ Հուրախություն բոլորիս՝ պատասխանը բացասական էր։ Այդ օրերի ընթացքում օրգանիզմս պայքարեց և հաղթեց հիվանդությանը»,- գրել է նա։

Հայաստանի հավաքականը մարտի 14-ից Լոնդոնում մասնակցում էր օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին: Չնայած նրան, որ բոլոր սպորտային մրցաշարերը դադարեցվել էին, բռնցքամարտիկները երեք օր շարունակ մրցում էին ռինգում մինչև որոշվեց մրցումները դադարեցնել:

Հայաստան վերադառնալուց հետո հայտնի դարձավ, որ մեր հավաքականի բռնցքամարտիկներից մեկը վարակվել է կորոնավիրուսով: Արդեն հայտնի է, որ այդ բռնցքամարտիկը Հովհաննես Բաչկովն է:

Կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում իրականացվում է արդեն նաև Վանաձորում

Հիշեցնենք, որ Գյումրու մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հայտնել էր, որ Շիրակի մարզի 5 բնակիչներ առանց էական բարդությունների հաղթահարել են վիրուսային հիվանդությունը և դուրս գրվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից։ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված ևս 11 քաղաքացի կա։