ՌԱԴԻՈ

Տեր Վահրամ քահանա. «Սուրբ հաղորդության խորհուրդն այլ է, հնարավոր չէ այն մատուցել առցանց»

Մայր Աթոռի մամլո ծառայության ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչպես է պատրաստվում է Հայ Առաքելական եկեղեցին արտակարգ դրության պայմաններում նշել Սուրբ Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը։
Sputnik
Տեր Վահրամ քահանա. «Սուրբ հաղորդության խորհուրդն այլ է, հնարավոր չէ այն մատուցել առցանց»

Տեր Վահրամ քահանայի փոխանցմամբ` բոլորին հայտնի է, որ համավարակի իրադրությամբ պայմանավորված և երկրում իշխանությունների կողմից հայտարարված արտակարգ դրության պայմաններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի են ունեցել մի շարք խորհրդակցություններ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, եպիսկոպոսների ու կարևորագույն կառույցների պատասխանատուների մասնակցությամբ, որտեղ հստակ որոշումներ են կյացվել այն ընթացակարգերի վերաբերյալ, թե ինչպես պետք է այս օրերին, այս իրավիճակում առաջնորդվի եկեղեցին։

«Ձեզ`Բարեկենդան, մեզ` բարի Զատիկ». տոնի գույներն ու տրամադրությունները` լուսանկարներով

«Անշուշտ դրանցում կարևոր տեղ են գրավում արարողությունները, և հիմնականում Ավագ շաբաթվա, որովհետև սովորաբար Ավագ շաբաթվա արարողություններին եկեղեցիները շատ ավելի մարդաշատ են լինում` հատկապես պայմանավորված այն հանգամանքով, որ հավատացյալները Մեծ Պահքն են պահում, և Ավագ շաբաթը համարվում է Մեծ Պահքի վերջին շաբաթը։ Այդ առումով որոշում կայացվեց արարողություններն անցկացնել դռնփակ, որպեսզի այս իրադրության պայմաններում չվտանգվի հավատացյալների ու եկեղեցի այցելողների առողջությունը»,– նշում է Մայր Աթոռի մամլո ծառայության ղեկավարը։

Տեր Վահրամ քահանայի տեղեկացմամբ` նույնը վերաբերում է նաև Սուրբ Հարության տոնին, որի բոլոր արարողությունները կկատարվեն դռնփակ։ Միևնույն ժամանակ, եկեղեցականներին թելադրվել է հնարավորության սահմաններում, ընկալելիության դեպքում կազմակերպել արարողությունների առցանց հեռարձակում, որպեսզի յուրաքանչյուր համայնքի անդամ կարողանա իր եկեղեցում տեղի ունեցող արարողությանը հետևել համացանցով, կայքերի միջոցով կամ սոցիալական ցանցերում վաղուց ի վեր գործող տարբեր եկեղեցիների էջերում։

Զատկի հեթանոսական ծեսը. ինչպե՞ս էին հին հայերը տոնում Զատիկը

«Նման տնօրինությունը վերաբերում է նաև մյուս երկրներում գործող մեր թեմական կառույցներին։ Թեմակալ առաջնորդներին հանձնարարվել է գործել իրենց երկրներում առկա իրավիճակից ելնելով, հետևելով նաև պետական կառույցների ցուցումներին, որովհետև երկրից երկիր իրավիճակը տարբեր է»,– նշում է Մայր Աթոռի մամլո ծառայության ղեկավարը։ 

Ինչ վերաբերում է Սուրբ հաղորդության կարևորագույն խնդրին, ապա Տեր Վահրամ քահանան շեշտում է, որ Սուրբ հաղորդության խորհուրդն այլ է, հնարավոր չէ այն մատուցել առցանց։ Ըստ նրա` յուրաքանչյուր հավատացյալ անձ մասնակցելով պատարագին` նաև հաղորդվում է, հետևաբար, Սուրբ հաղորդության պարագայում թելադրվել է, որ ուղղակի հաջորդող օրերին, Սուրբ Զատիկի պատարագից հետո մարդիկ առանձնաբար այցելեն եկեղեցիներ և այնտեղ եկեղեցականներից ստանան Սուրբ հաղորդություն։

«Իբրև տեղեկատվական համակարգի տնօրեն` կարծում եմ, որ ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները թույլ են տալիս շատ ավելի մեծ լսարան ընդգրկել` մարդկանց հնարավորություն տալով առցանց հետևել արարողություններին, եթե անգամ ֆիզիկապես չեն կարող այցելել եկեղեցի, բայց որպես եկեղեցական` անշուշտ խնդիր եմ տեսնում այն իմաստով, որ Աստծո կենդանի եկեղեցին ենթադրում է կենդանի շփում ոչ թե վիրտուալ աշխարհում, այլ անմիջական շփում եկեղեցու անդամների միջև, որովհետև կենդանի շփումն է իրենց հզորացնում նաև սոցիալական առաքելության մեջ»,– նշում է Մայր Աթոռի մամլո ծառայության ղեկավարը։

Տեր Վահրամ քահանայի փոխանցմամբ` նախկինում էլ եղել են հայրապետական պատարագների կամ այլ արարողությունների հեռարձակումներ, որովհետև ամեն մի արարողություն չէ, որ կարող է բազմահազար մարդկանց տեղավորել նույն տարածքում։ Հեռասփռումն այս դեպում հնարավորություն է ընձեռում բոլոր ցանկացողներին հաղորդակից լինել արարողության խորհրդին, դրանից բխող պատգամներին ու այդ առթիվ հնչող Ամենայն Հայոց Կաթողիկոսի կամ հանդիսապետի հորդորներին։  

Այդուհանդերձ, Տեր Վահրամ քահանայի համոզմամբ` ամեն ինչ չէ, որ պետք է հանգուցալուծվի տեխնիկական միջոցներով։ Այդ ամենի մեջ չպետք է կորցնենք մարդկայինը, այդ ամենում պետք է մնան արժեքները, զգացումներն ու ապրումները, որոնք միշտ չէ, որ հնարավոր է առցանց փոխանցել։ Կարևորը ձգտումն է ու ներքին տրամադրությունը, որ մեզ ուղղում է դեպի Աստծո տաճար։ Ըստ նրա` տեխնիկան չի կարող փոխարինել մարդկային գործոնին։   

Մեծ Պահք. տո՞ն, թե՞ տառապանք