Առավոտյան և շատ արագ. ախտահանման ի՞նչ աշխատանքներ է անում Երևանի քաղաքապետարանը

Եթե քաղաքացիները նկատում են, որ որևէ շենք չի ախտահանվում, ապա պետք է վարչական շրջանի թեժ գիծ զանգահարեն ու ահազանգեն այդ մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով օրական մեկ անգամ ախտահանվում են շենքերի մուտքերը, դռներն ու բռնակները։ Կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ տեղեկությունը հաղորդեց վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երևանի օպերատիվ շտաբի ղեկավար, քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը։

«Ախտահանվում են շենքերի վերելակների խցերը, կոճակները, ինչպես նաև պոլիկլինիկաները, շտապօգնության մեքենաները։ Քաղաքացիները կարող են նաև չնկատել, թե ինչպես են տեղի ունենում շենքերի ախտահանման աշխատանքները, քանի որ դրանք տեղի են ունենում առավոտյան և շատ արագ»,–ասաց փոխքաղաքապետը։

Նրա խոսքով` եթե քաղաքացիները նկատում են, որ որևէ շենք չի ախտահանվում, ապա պետք է վարչական շրջանի թեժ գիծ զանգահարեն ու ահազանգեն այդ մասին։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի ծննդատունը վերածվել է ինֆեկցիոն կենտրոնի

Երևանի քաղաքապետարանը հետևում է, որ խանութների մուտքերը, սրահները, հատակը, զամբյուղների կանթերն ախտահանվել։ Ավելին, երեկ մի դեպք էր եղել, որ սուպերմարկետներից մեկի դռները փակվել էին և մարդկանց քիչ–քիչ էին ներս թողնում, որպեսզի կուտակումներ չլինեն։
Հարցին, թե հնարավո՞ր է այս օրերին կարմիր գծերը չգործեն` Հարությունյանը պատասխանեց, որ չի տեսնում նման փոփոխության անհրաժեշտություն։ Ավելին, քանի որ երթևեկությունը հիմա ավելի քիչ է, վարորդները վթարային և արկածախնդիր ձևով են վարում մեքենաները։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 966. գրանցվել է մահվան ևս 1 դեպք

Մեկ այլ հարցի, թե հանրային տրանսպորտի վարորդներին արդյո՞ք որևէ աջակցություն կտրվի հարկադիր պարապուրդի համար` փոխքաղաքապետը պատասխանեց, որ նման ինֆորմացիա չունի։ Նա հայտնեց, որ քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող «Ավտոբուս» ՓԲԸ–ն այս օրերին աշխատող բժիշկներին տանում է աշխատանքի և տուն բերում։ Այդ ավտոբուսները նույնպես ախտահանվում են։ 

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է սահմանվել։

Սահմանափակվել է սրճարանների, զվարճանքի և այլ վայրերի գործունեությունը։ Ապրիլի 1-ից սահմանափակվել է նաև հանրային տրանսպորտի գործունեությունը, այդ թվում` Երևանի մետրոպոլիտենի։ Թույլատրված էր միայն պարենային ապրանքների առևտուրը, դեղատների գործունեությունը և գյուղմթերքի շուկաների գործունեությունը։

Այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում 977 է։

Պարետն առաջարկել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը