Հայացքներս ուղղենք միմյանց և ոչ թե փախցնենք իրարից. Սարգսյանի ուղերձը Զատիկի տոնի առթիվ

Արմեն Սարգսյանն իր ուղերձում ասել է, որ իրավիճակով պայմանավորված՝ աղոթքները և ապաշխարանքի խոսքերը, որ պետք է հնչեին եկեղեցիների և վանքերի կամարների ներքո, այսօր հնչում են մեր ընտանեկան օջախների տանիքի տակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Սուրբ Հարության տոնի խորհրդի մեջ մեծ մարդասիրություն կա. հայացքներս ուղղենք միմյանց և ոչ թե հայացքները փախցնենք իրարից։ Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ հղած շնորհավորական ուղերձում նման կոչ է արել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Տեր Վահրամ քահանա. «Սուրբ հաղորդության խորհուրդն այլ է, հնարավոր չէ այն մատուցել առցանց»

«Սուրբ Զատիկը մեր եկեղեցու և ժողովրդի ամենամեծ տոներից մեկն է: Այս տարի այն նշում ենք առանձնահատուկ իրավիճակում՝ արտակարգ դրության պայմաններում։ Իրավիճակով պայմանավորված՝ մեր աղոթքները և ապաշխարանքի խոսքերը, որ պետք է հնչեին եկեղեցիների և վանքերի կամարների ներքո, այսօր հնչում են մեր ընտանեկան օջախի տանիքի տակ»,–իր ուղերձում ասել է նախագահը։

Սիմֆոնիկ նվագախումբն իր առցանց կատարումը նվիրել է կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին

Նրա խոսքով` մեր բազմապիսի խնդրանքները, որ ավանդաբար Սուրբ Զատիկի օրերին հնչում են առ Աստված, այսօր մեկ բովանդակություն ունեն՝ առողջություն և կազդուրում բոլոր հիվանդներին։ Իսկ երախտիքի և շնորհակալության բառերը, որ սովորաբար հղում ենք Աստծուն, այսօր նաև ուղեկցող խնդրանք ունեն՝ մեր երախտագիտությունը բժիշկներին և բուժաշխատողներին՝ իրենց աստվածահաճո և մարդասիրական գործի համար։

Սարգսյանը նշում է, որ իզուր չի ասվում՝ օգնիր և օգնություն կգտնես։ Իսկ օգնել կարելի է նաև մենակ չթողնելով։

«Մեր աղոթքներում Աստծո հովանին և պաշտպանությունն ենք հայցում մեր ընտանիքների, հարազատների, մեր երկրի ու ժողովրդի համար։ Իսկ մեր երկիրը մի մեծ ընտանիք է, բոլորիս ընտանիքը։ Այս օրերին ամենաշատ հոգատարության և ուշադրության կարիք ունեն տարեցներն ու խոցելի առողջություն ու սոցիալական վիճակ ունեցող մեր մյուս հայրենակիցները։ Իմ մտքերն ու զգացմունքներն այսօր առավելապես նրանց հետ են»,–ասել է նախագահը։

Նա նաև շեշտել է` Սուրբ Հարության խորհուրդը մշտապես համախմբել է մեզ, ոգևորել, զորություն տվել և կոչել նոր գործերի։ Նախագահի խոսքով` ստեղծված իրավիճակը բարդ է, սակայն՝ ոչ անելանելի։ Այնուհանդերձ, ըստ նրա, չենք կարող հաջողությամբ հաղթահարել ներկայիս և ապագայի մարտահրավերները, եթե չլինենք միասնական, ավելի զգոն, ավելի կազմակերպված, ավելի կարգապահ, և, իհարկե, ավելի հոգատար։

Ավագ շաբաթվա պատարագները ևս կանցկացվեն դռնփակ․ Մայր աթոռ