Վարակվածներից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է. դեպքերի զգալի մասը հայտնաբերված է

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի պնդում, թե Հայաստանում ներկայացվող վիճակագրությունը 100%–անոց է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանեց Sputnik Արմենիային հարցին, թե արդյոք ամեն օր առավոտյան պաշտոնապես հրապարակվող վիճակագրությունը 100 տոկոսով ներկայացնում է Հայաստանում կորոնավիրուսի տարածման իրական մակարդակը։ Նախարարի խոսքով`Հայաստանում կորոնավիրուսով վարակման եթե ոչ բոլոր, ապա գոնե դեպքերի զգալի մասը հայտնաբերված է։

Արցախում կորոնավիրուսով վարակվածներն արդեն 5-ն են. ևս 2–ի թեստի պատասխանը դրական է եղել

«Ամեն օր առավոտ պաշտոնապես հրապարակվող վիճակագրությունը ներկայացնում է այն ամենը, ինչ կա ձեռքի տակ: Դա, իհարկե, չի նշանակում, որ մենք հայտնաբերել ենք բոլոր դեպքերը, բայց նշանակում է, որ որևէ բան չի թաքցվում հանրությունից: Մենք ունենք էլեկտրոնային համակարգ, որտեղ բոլոր դեպքերն ավտոմատ մուտքագրվում են: Մենք այդ համակարգի թվերը պարզապես ներկայացնում ենք հանրությանը»,- ասաց Թորոսյանը:

Առողջապահության նախարարը նշեց, որ շատ քիչ երկրներ կան, որտեղ նման ճշտությամբ վիճակագրություն է վարվում:

Թորոսյանը ներկայացրեց նաև բուժման մեջ գտնվող խնդրահարույց պացիենտների ներկա վիճակը: Նրա խոսքով` այսօր առավոտվա տվյալներով` ծայրահեղ ծանր վիճակում են 8, ծանր վիճակում՝ 40 պացիենտ:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 937-ի։