«Հուսով եմ` Ադրբեջանը պատասխանատվություն կունենա իր ժողովրդի հանդեպ». Մնացականյան

ՀՀ արտգործնախարարը կարծում է, որ հիմա բոլոր ուժերը պետք է կենտրոնացվեն համաշխարհային համաճարակի դեմ պայքարելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Կորոնավիրուսն իր բացասական ազդեցությունն է թողել նաև արցախյան խաղաղ բանակցությունների ընթացքի վրա: Այսօր Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ հայկական կողմի համար ամենագլխավորը ներկա պահին խաղաղության պահպանումն է, որպեսզի բոլոր ուժերը կենտրոնացվեն համաշխարհային համաճարակի դեմ պայքարին:

«Չնայած սովորական աշխատանքի տրամաբանությունը որոշ չափով խախտված է այս պահին, բայց մենք մշտական կապի մեջ ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Հուսով եմ, որ ադրբեջանական կողմը ևս այդ պատասխանատվությունը կունենա առաջին հերթին իր ժողովրդի հանդեպ, որովհետև կորոնավիրուսը չի շրջանցել որևէ մեկին: Եվ այս պայմաններում առավել քան անպատասխանատու է հրադադարի խախտումներ իրականացնելը»,- ասաց նախարարը:

Մնացականյանը հիշեցրեց, որ օրեր առաջ Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել ՀՀ-ի սահմանին, որի հետևանքով Տավուշի մարզի Ոսկեվան համայնքի մի բնակիչ ու ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողներ էին վիրավորվել։

Նոյեմբերյանում ադրբեջանական կրակոցներից վնասվել են սահմանամերձ գյուղի տները

Դեպքից հետո ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում խստորեն դատապարտել էր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու՝ Ադրբեջանի փորձը:

Հիշեցնենք՝ մարտի 30-ին, ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վնասվածքներ են ստացել երկու զինծառայող:

Դիվերսիոն գործողության ժամանակ հակառակորդը թիրախավորել էր Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորվել է Ոսկեվան համայնքի բնակիչ 15–ամյա մի տղա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում:

Երեխան վիրահատվել էր Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում և տեղափոխվել Երևան: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: