Հունվարին այսքան ձյուն չէր եկել. Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել, մարզպետը` տեսանյութ

Օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը կատակել է, թե եղանակն էլ է արտակարգ դրության մեջ ու չի կարողանում դուրս գալ դրանից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում գրել է` հունվարին այսքան ձյուն չէր եկել: Նա նաև Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի ձնապատ այգիների լուսանկարներն է հրապարակել։

«Այ մարդ, այս եղանակն էլ այստեղ է մտել արտակարգ դրության մեջ, չի կարողանում դուրս գալ»,- լուսանկարներին կից գրել է Սուրենյանը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ տեսանյութ է հրապարակել Facebook-ում ու կատակել. «Որ ասում եմ` մի՛ եկեք: Տեսեք` ինչ սիրուն է»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ օդերևութաբանական կենտրոնի պետը գյուղացիներին կոչ էր արել իրենց աշխատանքները կատարելիս հաշվի առնել մինչև ապրիլի 20-ը Հայաստանում պահպանվող ցրտահարության վտանգը:

Օդերևութաբանների կանխատեսմամբ` մինչև ապրիլի 20-ը Հայաստանում ժամանակ առ ժամանակ հյուսիսային ցուրտ օդային հոսանքներ են սպասվում: