«Մեզ իրական հեղափոխություն է պետք». Արսեն Բաբայանը միանում է Արթուր Վանեցյանին

Բաբայանը նշել է, որ իրեն քաղաքականությամբ զբաղվելուն մղել է այսօրվա իշխող քաղաքական միավորի տարերային պետական կառավարումը, ապաշնորհ կադրային քաղաքականությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը որոշել է ակտիվ զբաղվել քաղաքականությամբ: Տեղեկությունը նա հրապարակել է Facebook-ի իր էջում։

«Մեծ հպարտությամբ ընդունել եմ պետական գործիչ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի հետ թիմ ձևավորելու և մեր ուժերն անմնացորդ կերպով հանուն մեր Հայրենիքի մեկտեղելու առաջարկը»,–գրել է նա։

«Մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ». Վանեցյան

Բաբայանի խոսքով` նախկինում քաղաքականությամբ չի զբաղվել, որևէ կուսակցության չի անդամակցել ու չի հարել, այլ մասնագիտական գործունեություն է ծավալել մեր պետության առանցքային ինստիտուտներում։

«Սակայն այսօր, տեսնելով թե օրվա իշխող քաղաքական միավորն ինչպիսի տարերային պետական կառավարում է իրականացնում, ինչպիսի ապաշնորհ կադրային քաղաքականություն է վարում, ինչպես է ամենօրյա ռեժիմով ընտրովի արդարադատություն և երկակի ստանդարտներ կիրառում, ինչպես է անթաքույց կերպով հարձակվում մեր ազգային արժեքների և ինստիտուտների վրա, իմ պարտքն եմ համարում ակտիվորեն ներգրավվել քաղաքական գործընթացներում՝ գիտելիքներս ու փորձս ի սպաս դնելով մեր ընդհանուր հայրենիքի զարգացման գործին»,–գրել է Բաբայանը։

Հանրությունը պետք է տեղյակ լինի` ինչի շուրջ են բանակցում Ղարաբաղի հարցում. Վանեցյան

Գալով հեղափոխությանը` նա նշել է, որ իր համար հեղափոխությունը, նախևառաջ, արժեքների, այլ ոչ թե անձերի փոփոխություն է, հեղափոխությունը գաղափարական իզմերի պայքար է, այլ ոչ թե գաղափարազուրկ ու պոպուլիստական կարգախոսների մրցավազք, հեղափոխությունը պատասխանատու և պրոֆեսիոնալ կառավարումն է, այլ ոչ թե ցայտնոտային որոշումներն ու կոլեկտիվ անպատասխանատվությունը։

«Սիրելի բարեկամներ, մեզ իրական հեղափոխություն է պետք, մեզ իրական սիրո, համերաշխության, ստեղծագործականության և հանդուրժողականության մթնոլորտ է հարկավոր»,–գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ ։

Նրա խոսքով` իրենք գալիս են հայրենիքի զարգացման նոր գաղափարներով ու նոր տեսլականով։

Բաբայան. «Իշխանությունը չի ընդունում իր սխալները և հույսը դրել է դատարանի վրա»

Հիշեցնենք, որ ամեիսներ առաջ Արսեն Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Չեն յուրացրել, չարաշահել են. Արա Բաբլոյանի ու Արսեն Բաբայանի մեղադրանքները փոխվել են