ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik.Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 5։ Օրվա ընթացքում թեստավորված անձանից ևս երկուսի պատասխանը դրական է եղել։
«Առաջին վարակակիրը Միրիկ համայնքի հաստատված դեպքով բնակչի ընտանիքի անդամ է (առողջական վիճակը գնահատվում է բավարար), երկրորդը՝ երկկողմանի թոքաբորբով, էպիդեմիոլոգիական անամնեզով, Հանրապետական բժշկական կենտրոն ընդունված Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ (1951 թ. ծ.), որի առողջական վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության. ունի նաև ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ նախարարության` այդ քաղաքացու ընտանիքի անդամները վերջին 3 օրերին գտնվել են ինքնամեկուսացման մեջ՝ բժիշկների խիստ հսկողության ներքո, իսկ քաղաքացու հետ սերտ շփում ունեցողների հավանական շրջանակները ճշտվում են:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են նաև, որ օրվա ընթացքում թեստավորված մյուս քաղաքացիների, այդ թվում՝ երկու ոստիկանների COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են, այսինքն՝ հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակը չի հաստատվել:
Հիշեցնենք` ապրիլի 7-ին հայտնի դարձավ, որ Արցախում կորոնավիրուսի դեպք է հաստատվել, վարակվածը Միրիկ գյուղի բնակիչ է, 60 տարեկանից բարձր տարիքի տղամարդ, որն ապրիլի 2-ին առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, այնուհետև տեղափոխվել Երևան: Նա մարտի 31-ին Արցախ էր վերադարձել Հայաստանի «վարակի օջախ» համարվող բնակավայրից՝ Արտաշատից: Այժմ նա բուժում է ստանում Երևանում։
Ապրիլի 9-ին թեստավորման արդյունքում հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության ևս երկու քաղաքացի վարակվել են կորոնավիրուսով։ Վարակվածներից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է, որն արդեն ինքնամեկուսացել էր: Երկրորդը ՀՀ-ից Արցախ մուտք գործած ՀՀ քաղաքացի է։
Նշենք՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մայիսի 26-ին ժամանակավոր փակվել է ՀՀ-ից Արցախ մուտքը։ Արցախ էին թողնում միայն այնտեղ գրանցված մարդկանց, նաև նախագահական ընտրություններին գործուղված դիտորդներին ու լրագրողներին։
Արցախում որոշել են մեկուսացնել մի ամբողջ գյուղ, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի դեպքը