Ասկերանի շրջանում 14 անձ է ինքնամեկուսացել

Ինքնամեկուսացածները կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ չունեն, իրենց լավ են զգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի- Sputnik. Արցախում կորոնավիրուսի ախտորոշման հետազոտության համար փորձանմուշ է վերցվել ևս 4 քաղաքացուց։ Արցախի տեղեկատվական շտաբը, հղում անելով Առողջապահության նախարարությանը, հաղորդում է նաև, որ Ասկերանի շրջանում 14 քաղաքացիներ ինքնամեկուսացած են։ Նրանք շփում են ունեցել ՀՀ-ից բեռնափոխադրում իրականացրած անձի հետ։

«Բեռնափոխադրում իրականացնող անձը Արցախի տարածքում եղել է մի քանի ժամ և շփվել է ընկերություններից մեկի պահեստի անձնակազմի հետ: Վերջիններին, ապահովության նկատառումներից ելնելով, ինքնամեկուսացրել են. այս պահի դրությամբ առողջական խնդիրներ չունեն և գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱՀ ԱՆ Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի մասնագետները տվյալ տեղանքում անհրաժեշտ ախտահանիչ աշխատանքներ են իրականացրել։

Կորոնավիրուսով վարակված քաղաքացին մասնակցել է Արցախի ընտրությունների քվեարկությանը

Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի տեղեկություններով՝ Արցախ մուտք գործած բեռնատարի վարորդը կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ չունի, սակայն ՀՀ-ում մեկուսացվել է նույն նկատառումներով, ինչով Ասկերանի շրջանի 14 քաղաքացիները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Արցախում 9 քաղաքացիներից նմուշառում է արվել հետազոտության համար, իսկ կորոնավիրուսով վարակված անձանց հետ հնարավոր շփում ունեցած 4 ոստիկան էլ Արցախում ինքնամեկուսացել է։

Արցախում 4 ոստիկան ինքնամեկուսացել են

Հիշեցնենք` ապրիլի 7-ին հայտնի դարձավ, որ Արցախում կորոնավիրուսի դեպք է հաստատվել. վարակվածը Միրիկ գյուղի բնակիչ, 60 տարեկանից բարձր տարիքի տղամարդ է, որն ապրիլի 2-ին առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, այնուհետև տեղափոխվել Երևան:

Հայտնի էր դարձել, որ նա մարտի 31-ին Արցախ էր վերադարձել Հայաստանի «վարակի օջախ» համարվող բնակավայրից՝ Արտաշատից: Այժմ նա բուժում է ստանում Երևանում։

Ապրիլի 9-ին թեստավորման արդյունքում հայտնի դարձավ, որ Արցախի հանրապետության ևս երկու քաղաքացի վարակվել են կորոնավիրուսով։ Վարակվածներից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է, որն արդեն ինքնամեկուսացել էր: Երկրորդը ՀՀ-ից Արցախ մուտք գործած ՀՀ քաղաքացի է։

Նշենք՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարտի 26-ից ժամանակավոր փակվել է ՀՀ-ից Արցախ մուտքը։ Արցախ են թողնում միայն այնտեղ գրանցված մարդկանց։

Արցախում կորոնավիրուսի ևս երկու դեպք է հաստատվել