Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չի լինի. նախարար

Առողջապահության նախարարը նշեց, որ թեև վարակի դեպքերի թիվը շատ չի մեծանում, սակայն դրա փոխարեն վարակն ընդլայնել է իր աշխարհագրությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Անգամ եթե արտակարգ դրության ռեժիմը վերացվի, դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չի լինի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Արսեն Թորոսյանն առաջարկում է երկարացնել արտակարգ դրության ժամկետը

«Երկար ժամանակ մենք պետք է պահպանենք սոցիալական հեռավորությունը, ձեռքերը լվանալու ու ախտահանելու՝ մեր կենցաղը»,- ասաց նախարարը՝ խորհուրդ տալով չառաջնորդվել վիճակագրությամբ ու չթուլացնել զգոնությունը:

Հարցին, թե «երկար ժամանակ» ասելով ի՞նչ նկատի ունի, Թորոսյանը պատասխանեց՝ նկատի ունեմ 1-2 տարի:

Նա նշեց, որ կորոնավիրուսի դեպքերը քիչ են ավելանում, բայց փոխարենը հիմա վարակի աղբյուրներն են շատ:

Թորոսյանն ասաց, որ առողջապահական համակարգն առայժմ կարողանում է զբաղվել բոլոր հիվանդներով, իսկ երբ առողջապահական ահամակարգը չկարողանա հոգ տանել ու բուժել բոլորին, ստիպված կլինեն հիվանդներին տեղավորել հիվանդանոցներից դուրս, ոչ առողջապահական այլ տարածքներում:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կորոնավիրուսից 72-ամյա քաղաքացի է մահացել

Հիշեցնենք` մարտի 31-ին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնեց, որ պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։ Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:

Ապրիլի 2–ին կայացած ասուլիսում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ մահճակալներ են տեղադրվել ոչ միայն Երևանի մարզահամերգային համալիրի սպասասրահում, այլև ՀՀ մարզային տարբեր մարզասրահներում, դահլիճներում: