Արցախում 4 ոստիկան ինքնամեկուսացել են

Ինքնամեկուսացած ոստիկանները ջերմություն և վարակին բնորոշ ախտանիշներ չունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի-Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հղում անելով Ոստիկանությանը` հաղորդում է, որ կորոնավիրուսով վարակված անձանց հետ հնարավոր շփում ունեցած ոստիկանները ինքնամեկուսացել են։

Արցախի «կարանտինային» գյուղի բնակիչները կմասնակցե՞ն ընտրություններին

«Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակում, հաստատված կորոնավիրուսի վարակով անձանց հետ հնարավոր շփում ունեցած Արցախի Հանրապետություն «Աղավնո» հսկիչ անցակետում ծառայություն իրականացնող ոստիկանության 4 ծառայողները, որոնք թեև ծառայություն են իրականացրել պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով, բայց, ապահովության նկատառումներից ելնելով, ինքնամեկուսացել են»,- նշված է հայտարարարության մեջ:

Շտաբը տեղեկացնում է, որ ինքնամեկուսացած ոստիկանները ջերմություն և վարակին բնորոշ ախտանիշներ չունեն:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար շտաբը կրկին կոչ է անում հետևել միայն պաշտոնական լրահոսին։

Հիշեցնենք` ապրիլի 7-ին հայտնի դարձավ, որ Արցախում կորոնավիրուսի դեպք է հաստատվել, իսկ վարակվածը Միրիկ գյուղի բնակիչ, 60 տարեկանից բարձր տարիքի տղամարդ է, որն ապրիլի 2-ին առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, այնուհետև տեղափոխվել Երևան:

Հայտնի էր դարձել, որ նա մարտի 31-ին Արցախ էր վերադարձել Հայաստանի «վարակի օջախ» համարվող բնակավայրից՝ Արտաշատից: Այժմ նա բուժում է ստանում Երևանում։

Արցախում ինքնամեկուսացած համայնքները կապահովվեն անհրաժեշտ պարենամթերքով

Ապրիլի 9-ին թեստավորման արդյունքում հայտնի դարձավ, որ Արցախի հանրապետության ևս երկու քաղաքացի վարակվել են կորոնավիրուսով։ Վարակվածներից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է, որն արդեն ինքնամեկուսացել էր: Երկրորդը ՀՀ-ից Արցախ մուտք գործած ՀՀ քաղաքացի է։

Նշենք՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մայիսի 26-ին ժամանակավոր փակվել է ՀՀ-ից Արցախ մուտքը։ Արցախ էին թողնում միայն այնտեղ գրանցված մարդկանց, նաև նախագահական ընտրություններին գործուղված դիտորդներին ու լրագրողներին։

Արցախի «կարանտինային» գյուղի բնակիչները կմասնակցե՞ն ընտրություններին