ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik․ Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում այսօր հնարավոր է դարձել Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (2 ավտոբուսներով):
«Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների երկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Թուրքիայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման համար Հայաստանի կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները։
Նաղդալյանը նշել էր` ՀՀ ԱԳՆ-ի հետ կապ են հաստատել Թուրքիայում գտնվող մոտ 100 ՀՀ քաղաքացիներ:
ԱԳՆ-ի ջանքերով և ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած յոթ տասնյակ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Վրաստանի տարածքով, որոնք Հայաստան ժամանելուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։
Նաղդալյանը մեկնաբանել է Հայաստանին օգնելու՝ Թուրքիայի հայտարարությունը