ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik.Արցախում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովից տեղեկացնում են, որ Քաշաթաղի ինքնամեկուսացած Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք համայնքներն առաջիկայում կապահովվեն անհրաժեշտ պարենամթերքով:
«Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը Միրիկ համայնքին արդեն տրամադրել է 15 օրվա պարենամթերք, իսկ մյուս համայնքներին կհատկացվի առաջիկա օրերին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը վերոնշյալ համայնքներում իրականացնում է ախտահանման աշխատանքներ, իսկ ԱՆ «Համաճարակաբնության և հիգիենայի կենտրոնը» լրացուցիչ ճշտում է վարակակիրների հետ շփման մեջ գտնվող բոլոր խմբերը, ախտահանիչ աշխատանքներ իրականացնում տեղի բնակիչների առանձնատներում, հասարակական օբյեկտներում, ինչպես նաև տրամադրում հիգենիայի պարագաներ:
Առողջապահության նախարարությունն մեկուսացված համայնքներում իրականացնում է շուրջօրյա բուժծառայություն:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ թեստավորված երկու քաղաքացիների առողջական վիճակը նորմալ է, վարակին բնորոշ ախտանիշներ չունեն:
Արցախում որոշել են մեկուսացնել մի ամբողջ գյուղ, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի դեպքը
«Այս պահին առողջապահական բուժհաստատություններում (Քաշաթաղի բուժմիավորում) մեկուսացված 4 քաղաքացիներ կան՝ կորոնավիրուսի հաստատված դեպքով քաղաքացին՝ առաջին վարակակրի հարսը, նրա երկու երեխաները, ամուսնու հայրը:
Նրանց առողջական վիճակը գնահատվում է նորմալ, վարակին բնորոշ ախտանիշներ չունեն»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կորոնավիրուսով վարակված երրորդ քաղաքացին, ով ՀՀ քաղաքացի է, տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն: Վերջինս Արցախի որևէ բնակավայրում կանգ չի առել, շփման շրջանակը հիմնականում Հայաստանում է, իսկ անցակետում նրա հետ առնչված բուժաշխատողները եղել են պաշտպանիչ պարագաներով: Նրա մեկուսացումն իրականացվել է բուժաշխատողների կողմից:
Հիշեցնենք` ապրիլի 7-ին, հայտնի դարձավ, որ Արցախում կորոնավիրուսի դեպք է հաստատվել, վարակվածը Միհրիկ գյուղի բնակիչ, 60 տարեկանից բարձր տարիքի տղամարդ է, որն ապրիլի 2-ի առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել: Այնուհետև տեղափոխվել է Երևան:
Հայտնի էր դարձել, որ նա մարտի 31-ին Արցախ էր վերադարձել Հայաստանի «վարակի օջախ» համարվող բնակավայրից՝ Արտաշատից:
Ավելի ուշ հայտարարվեց նաև, որ քաղաքացին ՀՀ-ից վերադառնալուց հետո մասնակցել է Արցախի համապետական ընտրություններին: