Ապրիլի 10-ից Հայաստանում օրական 1000 թեստավորում կարվի. Փաշինյան

ՀՀ վարչապետի խոսքով` վերջին տվյալները ցույց են տալիս, որ ՀՀ կառավարությունն արդեն տիրապետում է կորոնավիրուսային իրավիճակին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտնեց, որ ապրիլի 10-ից Հայաստանում ամեն օր 1000 թեստավորում կիրականացվի կորոնավիրուսի հայտնաբերման համար:

«Քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ պետք է ցուցում լինի: Մասնավորապես՝ բոլոր բուժաշխատողներին, թոքաբորբով հիվանդ ու վիրուսային այլ հիվանդություն ունեցող քաղաքացիներին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց, որ վերջին տվյալները ցույց են տալիս, որ ՀՀ կառավարությունն արդեն տիրապետում է կորոնավիրուսային իրավիճակին:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 921–ի:

Երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Չինաստանից Հայաստան է բերվել 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարք, 2 թթվածնի մատակարարման կայան, 60 000 հատ թեստ, 60 000 հատ բժշկական դիմակ, 280 000 հատ պաշտպանիչ դիմակ, 20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ, 100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ: