ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Վրաստան մուտք գործող և երկրի տարածքով տեղաշարժվող բեռնատարների վարորդները պետք է ավելի զգոն լինեն. արտակարգ դրության ընթացքում այնտեղ նոր կանոններ են գործելու։ Հայաստանի պետեկամուտների կոմիտեն տեսանյութի միջոցով ներկայացրել է բեռնատարների տեղաշարժի կանոնակարգման վերաբերյալ ուղեցույցը։
Ըստ այդ ուղեցույցի` մաքսային անցակետում ընթացակարգերն ավարտելուց հետո բեռնատար ավտոմեքենան պետք է նշանակման վայր հասնի առանց կանգ առնելու։ Կանգառ կարելի է անել միայն հատուկ տարածքներում։ Խնդիրների դեպքում (օրինակ` ինքնազգացողության վատացում, մեքենայի անսարքություն) վարորդը պետք է զանգի 112 հեռախոսահամարով և սպասի մեքենայի սրահում։
Ե՞րբ պետք է բեռնատարը պետք է լքի Վրաստանի տարածքը։
Տարանցիկ տեղաշարժման դեպքում` երկիր մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում։ Բացառությամբ Կազբեկի սահմանային անցակետից կամ Կազբեկիի ուղղությամբ տեղաշարժվելիս։ Այլ դեպքերում (ներառյալ Կազբեկիի ուղղությունը)` երկիր մուտք գործելուց 48 ժամվա ընթացքում։ Ժամկետների մեջ ներառված չէ մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ և ավտոկայանատեղիում կանգնելու ժամանակը։
Կանոնները խախտելու դեպքում վարորդը կտուգանվի 3000 լարիով, եթե իհարկե կանոնները խախտելու պատճառներն արտաքին գործոնները չեն կամ եղանակը։
Տեղաշարժման ժամկետները խախտելու դեպքում տրանսպորտային միջոցը պետք է անհապաղ լքի Վրաստանի տարածքը, հակառակ դեպքում վարորդը 14 օր շարունակ կմնա կարանտինում, իսկ տրանսպորտային միջոցը կտեղափոխվի տուգանային հրապարակ։ Վարորդները պարտադիր պետք է լինեն պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով։, իսկ վճարումները նախընտրելի է կատարել անկանխիկ, օգտվել առցանց գնումներից։
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 881-ի, Վրաստանում` 208–ի։