Լուսնի վրա օգտակար հանածոներ արդյունահանել, կամ գերլիալուսինը ազդել է Թրամփի վրա

Եկեք անկեղծ լինենք։ Երևի չեք էլ նկատել`որքան մեծ ու որքան վառ էր լուսինն անցած գիշեր։  Ոչինչ, այս գիշեր էլ կարող եք նայել լուսնին, որովհետև այս երևույթը՝  գերլիալուսինը, տևելու է մի քանի օր. լուսինը շատ ավելի խոշոր ու շատ ավելի լուսավոր է լինելու, քան սովորական օրերին։
Sputnik
Լուսնի վրա օգտակար հանածոներ արդյունահանել, կամ գերլիալուսինը ազդել է Թրամփի վրա

Նման բան լինում է տարին մի քանի անգամ, երբ  մեր մոլորակի և դրա շուրջ պտտվող բնական արբանյակի միջև տարածությունը հասնում է նվազագույնի։ Բայց ապրիլյան այս գերլիալուսինը, ինչպես ասում են աստղագետները, 2020 թվականի գլխավոր գերլիալուսինն է։ Բաց մի թողեք։ Թեև մասնագետներն ասում են՝ եթե ձեր պատուհանից կամ պատշգամբից լուսինը չի երեւում, կորոնավիրուսի տարածման այս պայմաններում հատուկ լուսինը տեսնելու համար դուրս մի եկեք տնից, հաջորդ տարի կտեսնեք։

Դոնալդ Թրամփն ԱՄՆ–ի փրկությունը տիեզերքո՞ւմ է փնտրում

Իսկ լուսինն այս օրերին իրոք մեծ է։ Գիտնականները փաստում են՝ գերլիալուսնի ժամանակ լուսնի` մեզ՝  «Երկրի» բնակիչներիս երևացող սկավառակը 15 տոկոսով ավելի մեծ է և 30 տոկոսով ավելի վառ, քան այն ժամանակ, երբ լուսինը գտնվում է մեզանից առավելագույն հեռավորության վրա։  Ինչ հեռավորության մասին է խոսքը։ Այժմ, երբ մեր բնական արբանյակը մեզ մոտեցել է, այն գտնվում է Երկրից 357 հազար կիլոմետր հեռու, այնինչ սովորաբար այդ տարածությունը կազմում է 384 հազար կիլոմետր։ 

Միացյալ նահանգներում և Կանադայում ապրիլյան այս գերլիալուսինն անվանում են վարդագույն լիալուսին։ Իրականում լուսինը վարդագույն չի դառնում, ուղղակի այդ գերլիալուսինը համընկնում է Հյուսիսային Ամերիկայում առաջինը բացվող ծաղկի՝ ֆլոքսի գույնին, իսկ այդ ծաղիկը վարդագույն է։ Շատերն ապրիլյան այս գերլիալուսինը կոչում են ձվային։ Ինչպես թե ինչու, որովհետեւ սովորաբար համընկնում է այն օրերի հետ, երբ մարդիկ Զատիկից առաջ ձու են ներկում։ 

Իրավունք ունե՞նք Մարսը մեզնով անելու, կամ մի 4 միլիարդ տարի ուշացել ենք

Արդյոք գերլիալուսինը որևէ կերպ ազդում է մարդկանց կյանքի վրա։ Մեկնաբաններից մեկը կատակով նկատել է՝ սովորական մարդկանց վրա չի ազդում, բայց նախագահների վրա, ըստ երեւույթին, ազդում է։ Այս պնդման պատճառն այն է, որ այս շաբաթ՝ հենց գերլիալուսնի նախօրեին, Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց մի հրամանագիր, որով թույլ է տալիս ամերիկյան ընկերություններին օգտակար հանածոներ արդյունահանել լուսնի վրա։ 

Ամենահայտնի դավադրության տեսության 50-ամյակը. ամերիկացիները վայրէջք կատարե՞լ են Լուսնի վրա

Որոշ իրավաբաններ պնդում են, որ սա գործող միջազգային իրավունքի խախտում է։ Իսկապես, դեռ ավելի քան 40 տարի առաջ՝ 1979 թվականի դեկտեմբերին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում ընդունեց լուսնի և տիեզերական այլ մարմինների վրա պետությունների գործունեության մասին։ Այդ փաստաթուղթն ամրագրում է, որ տիեզերական տարածքը չի կարող պատկանել պետություններից որևէ մեկին, դա համընդհանուր տարածք է։ Ռուսաստանցի պաշտոնյաներն արդեն հայտարարել են՝ փաստորեն Թրամփն իր հրամանագրով չեղյալ է համարում   ՄԱԿ-ի այդ փաստաթուղթը։

Իրականում շատ դժվար է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե ամերիկացիները սկսեն, ասենք, թանկարժեք մետաղներ ներկրել լուսնից։ Հո լուսնային պատերազմ չի սկսվի։ Բայց այն, որ Թրամփը լուսնի հետ կապված ծրագրեր ունի, միանշանակ է։ Նա վաղուց է հայտարարել, որ ամերիկացի տիեզերագնացները մինչև 2024 թվականն անպայման պետք է կրկին վայրէջք կատարեն լուսնի վրա։ Ինչու մինչև հենց 2024 թվականը։ Դե կարելի է ենթադրել, որ նախագահն այս տարվա աշնանը վերընտրվելու հույս ունի ու այդ հույսը, վերլուծաբանների կարծիքով, բոլորովին անհիմն չէ՝ ամերիկյան տնտեսությունը բավական լավ վիճակում է, իսկ կորոնավիրուսը մինչև աշուն հաստատ կնահանջի, ու Թրամփը երևի ուզում է պատմության մեջ մտնել որպես նախագահ, որի օրոք վերսկսվեցին թռիչքները դեպի լուսին, իսկ դա Մարսին հասնելու առաջին փուլն է։ 

Տվեք ինձ հինգ միլիոն դոլար, և ես կգտնեմ կործանված ինքնաթիռը

Իսկապես կա նման ծրագիր, որը կոչվում է Արտեմիս։ Եվ դրա կենսագործումը պետք է սկսվի հենց այս տարի. ամերիկացիները մտադիր են անօդաչու հրթիռ արձակել, որը կպտտվի լուսնի շուրջը և կվերադառնա Երկիր։ Երկրորդ փուլում՝ 2022 թվականին, ամերիկացի տիեզերագրացները կպտտվեն լուսնի շուրջը և կվերադառնան։ Եվ վերջապես 2024 թվականին ամերիկացի տիեզերագնացները վայրէջք կկատարեն լուսնի վրա ու կսկսեն նախապատրաստական աշխատանքները՝ դեպի Մարս թռչելու համար։ Կհաջողվի արդյոք։ Համենայնդեպս կարելի է կանխատեսել, որ Թրամփն ամեն ինչ կանի, որպեսզի այս ծրագիրն իրականացվի մինչև իր պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտը։ Եթե, իհարկե, վերընտրվի այս տարվա նոյեմբերին։