ՌԴ-ն արտահանձնում է «Ալրաղացի Լյովիկին»

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի գլխավոր դատախազությունը որոշել է բավարարել հայաստանցի գործընկերների միջնորդությունը՝ ավազակության մասնակցելու համար փնտրվող ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ալրաղացի Լյովիկ մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանի արտահանձման վերաբերյալ։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ գլխավոր դատախազությունից։

Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», ՌԴ քաղաքացի չէ. ԱԱԾ

Մարտի ամսին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ ռուսական կողմը որոշել է Երևանին փոխանցել Սարգսյանին։

«ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը նրան փոխանցելու մասին ներկայացվել է ՌԴ դատախազություն միջազգային պայմանագրերով սահմանված ժամկետներում, անհրաժեշտ փաստաթղթերով հանդերձ։ 2020 թվականի մարտի 19-ին ՌԴ դատախազությունը որոշում է կայացրել բավարարել Սարգսյան Լ․Հ․-ին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության հայցը՝ նրան մեղասգրվող հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով»,-նշված է գերատեսչության պատասխանում։

Սարգսյանը եղել է ԱԺ մի քանի գումարման պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ։

ՀՀ դատախազությունը ՌԴ գործընկերոջն է դիմել «Ալրաղացի Լյովիկին» արտահանձնելու համար

Հիշեցնենք՝ Լևոն Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2018 թվականին։

Նա ներգրավվել է որպես մեղադրյալ՝ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար (12 տարի առաջ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակումը պատվիրելու մեջ): Հաշվի առնելով, որ Սարգսյանը տևական ժամանակ բացակայել է ՀՀ-ից, գտնվելու վայրը հայտնի չէ՝ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Սարգսյանին մինչև 15 տարի ազատազրկում է սպառնում։

ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, Երևանի բնակիչ, 1968 թվականին ծնված Լևոն Հրաչյայի Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր 2019 թվականի նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում։

Մոսկվայում ձերբակալվել է «Ալրաղացի Լյովիկը». նրան կարտահանձնեն