ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ այս օրերին վարակի դեմ պայքարող ավելի քան 1800 համայնքային բուժաշխատող կպարգևատրվի։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Այդ նպատակով քաղաքապետարանի, վարչական շրջանների բոլոր աշխատակիցներն ավելի քան 130 միլիոն դրամ են հատկացրել մարտ ամսվա իրենց վարձատրությունից»,– նշված է հաղորդագրության մեջ:
Քաղաքապետարանը հայտնում է, որ կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը սրբագրել է Երևանի քաղաքապետարանի առողջապահական բոլոր հիմնարկների աշխատանքի տեմպն ու ժամանակացույցը:
«Ծառայությունը միշտ է աշխատում արտակարգ ռեժիմով, առավել ևս՝ այս օրերին: Զգուշավորությամբ, բայց նաև միշտ պատրաստ սպասարկում ենք մեր բոլոր քաղաքացիներին: Այս ընթացքում շտապբուժօգնության ծառայության կողմից Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց է տարվել 1299 քաղաքացի», - ասել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Երևանի պոլիկլինիկաները ծանրաբեռնված են աշխատում դեռևս փետրվարից: Հերթապահում են նաև շաբաթ-կիրակի: Աշխատում են նաև ռենտգեն կաբինետները:
Պոլիկլինիկաներում անմիջապես մուտքի մոտ տեղում չափում են մարմնի ջերմաստիճանը, կորոնավիրուսին հատուկ ախտանիշներով քաղաքացիներին ուղեկցում մեկուսարան:
«Ունեինք երկու խումբ՝ արտերկրից ժամանած քաղաքացիներ և քաղաքացիներ, որոնք շփում էին ունեցել հաստատված վարակակիրների հետ: Երկու դեպքում էլ սահմանել ենք 14-օրյա հսկողություն»,-ասել է թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը:
Առաջին օրը բժիշկները տնայց են կատարում, հետո արդեն ամեն օր հեռախոսազանգով տեղեկանում քաղաքացիների առողջության մասին, գրանցում ջերմաչափման տվյալները:
Մինչ օրս տնային հսկողություն է իրականացվել 2597 քաղաքացու նկատմամբ: Հսկողությունից արդեն դուրս է եկել 1497-ը, դեռևս հսկողության տակ է 1100 քաղաքացի:
«Նշված ժամանակահատվածում Նորքի ինֆեկցիոն է ուղեգրվել հսկվող քաղաքացիներից 125-ը, որոնցից 65-ի մոտ թեսթը դրական է եղել, և հիվանդությունը հաստատվել է», - ասել է առողջապահության վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը:
Երևանի քաղաքապետարանը բուժանձնակազմերի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռք է բերել և առողջապական հիմնարկներին տրամադրել պաշտպանիչ անհրաժեշտ պարագաներ:
Քոչարիով կհաղթենք. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկները պարում են. տեսանյութ
«Կորոնավիրուսային վարակի կանխարգելման ծրագրով Երևանի քաղաքապետարանի կողմից համայնքապատկան բուժհաստատությունների համար գնվել է 50 հազար բժշկական դիմակ, 17 հազար բժշկական խալաթ, 45 հազար բժշկական ձեռնոց և ախտահանիչ լուծույթներ: Լուծվել է նաև բուժաշխատողների տեղափոխման խնդիրը՝ այդ նպատակով ավտոբուսներ են տրամադրվել»,- նշել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:
Որքան էլ բուժաշխատողները զգուշավորություն են ցուցաբերում, այնուամենայնիվ մասնագիտական պարտքը կատարելու ժամանակ 10 բուժաշխատող ևս վարակվել են կորոնավիրուսով, 41-ն էլ մեկուսացված են:
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 881–ի։