Ինչ է սպասում հայկական դուդուկին. ՀՀ-ն արձագանքել է թուրք-ադրբեջանական նախաձեռնությանը

Դուդուկը հայկական ժողովրդական երաժշտական գործիք է, և դա անվիճելի փաստ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik, Լաուրա Սարգսյան․ Բալաբանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու թուրք-ադրբեջանական նախաձեռնությունից հայերը չպետք է անհանգստանան։ Ավելին, հայկական ժողովրդական գործիքը՝ դուդուկը, արդեն վաղուց ամրագրված է այդ ցանկում։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատրյանը։ 

Դուդուկը, հայկական ծովն ու Սևանի քյաբաբը. Շիրվինդտը «դիմակազերծել» է Հայաստանը. տեսանյութ

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ դիմում են ներկայացրել՝ բալաբան երաժշտական գործիքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար։ Տեղեկությունը տարածել է Թուրքիայի մշակույթի նախարարությունը։

Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանում բալաբանին անվանում են նաև դյուդյուկ։ Մինչդեռ մեր հարևանները սիրում են հայկական դուդուկը ներկայացնել իբրև իրենցը։

«Պատմականորեն ապացուցված է, և դա անվիճելի փաստ է, որ դուդուկը հնամենի ազգային երաժշտական գործիք է։ Ուստի մենք անհանգստանալու բան չունենք, մենք արդեն դուդուկը ներառել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում և ոչ ոք չի կարող այն հայկական չհամարել»,- նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը պետք է շարունակի աշխարհում դուդուկը որպես հայկական մշակույթի խորհրդանիշ ներկայացնել։

Գերմանացի Զուրեն Բիրկեն սիրահարվեց դուդուկին, եկավ Հայաստան և դարձավ Սուրիկ Դուդուկյան

Ինչ վերաբերում է հայկական դուդուկի հանդեպ պարբերական ոտնձգություններին, Խաչատրյանն ընդգծեց, որ ինչ ասես կարող են խոսել, բայց գոյություն ունի պատմագիտություն, որն ապացուցում է այս կամ այն փաստը։

«Կարող են ասել, թե դուդուկ ու շվի գոյություն չունեն և կա միայն բալաբանը։ Բայց դրա դեմ կան պատմական փաստեր, արխիվային փաստաթղթեր։ Այդ ապացույցներն ավելի զորեղ են, քան խոսքերը»,- շեշտեց Խաչատրյանը։

Նա վստահ է, որ հայկական դուդուկին ոչինչ չի սպառնում։ Իսկ ցանկացած մշակութային ժառանգություն կարող է վտանգված լինել միայն այն դեպքում, երբ ժողովուրդն անտարբեր է դրա նկատմամբ։ Եվ այստեղ մեծ նշանակություն ունի սերունդների փոփոխությունը։ Խաչատրյանը համոզված է, որ ավանդույթները պետք է փոխանցվեն սերնդեսերունդ։

Ջիվան, սա աղոթք է, ոչ թե նվագ. ինչ են արել Սարոյանն ու Ստալինը դուդուկահարի ելույթից հետո

Ինչ վերաբերում է հայտնի դիմումին՝ մեր զրուցակիցը նշեց, որ այս պահին հն արավոր չէ դրա բովանդակությանը ծանոթանալ, քանի որ առայժմ այն ակտիվ չէ։ Դիմումը երկար ճանապարհ պետք է անցնի՝ տեխնիկական համապատասխանության ստուգում, միջկառավարական հանձնաժողովի գնահատում և այլն։

Նշենք, որ 2008թ-ից դուդուկը Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում է։ Այն հին հայկական երաժշտական գործիք է, որը պատրաստվում է ծիրանի փայտից և բացառիկ հնչեղություն ունի։ Դրա պատրաստման համար օգտագործվում է երկու տեսակի ծիրանենու փայտ՝ «շալախ» և «դառնակուտ» ծիրանի։ Ծառը կտրելուց հետո, մինչև գործիքը պատրաստելը, այն պետք է 6 ամիս չորանա։ Վերին հատվածում դուդուկը 7 կամ 8 անցք ունի, ներքևի մասում՝ 1 կամ 2։

Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության վեց օբյեկտ․ հայկական դուդուկը(2008թ․), հայկական խաչքարը(2010թ․), «Սասունցի Դավիթ» էպոսը(2012թ․), լավաշը(2014թ․), քոչարին(2017թ․):

Հայկական դուդուկն ու ռուսական բալալայկան կհնչեն նույն բեմում