«Հաղթանակը կարգուկանոնից և պատասխանատվությունից է կախված». Պուտինը դիմել է ժողովրդին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված երրորդ անգամ է ուղերձով դիմել ժողովրդին, ինչից հետո մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ժողովրդին ուղղված կոչի ընթացքում ներկայացրել է երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար ձեռնարկվող միջոցառումները։

Ինչպես նշել է ռուսաստանի ղեկավարը, պետք է համախմբել կորոնավիրուսի դեմ պայքարի բոլոր միջոցները։ Նրա կարծիքով՝ իրավիճակի զարգացման առումով մոտակա 2-3 շաբաթները որոշիչ են լինելու։

Մինչև 100 թեստի պատասխան` մեկ օրում. Ռուսաստանից բերված շարժական լաբորատորիան բացազատվել է

«Հասկանում եմ, որ դժվար է, մարդկանց մեծ մասի համար անընդհատ չորս պատերի մեջ գտնվելը տհաճ է ու բարդ, բայց մենք այլ ընտրություն չունենք»,-ասել է Պուտինը՝ դիմելով Ռուսաստանի բնակիչներին։

Նրա խոսքով՝ ինքնամեկուսացման ռեժիմին, դրա փորձություններին պետք է դիմանալ, վտանգավոր վարակի դեմ պայքարում հաղթանակը կարգուկանոնից ու պատասխանատվությունից է կախված։ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը զանազան ճգնաժամերի դեմ պայքարի մեծ փորձ է կուտակել։ Ներկայիս իրավիճակից բարեհաջող դուրս գալուն կօգնեն հաստատուն մակրոտնտեսական իրավիճակը, նվազագաույն պետական պարտքը, անսասան «անվտանգության բարձիկը»։

Օգնություն բիզնեսին

Նախագահը կառավարությանն ու Կենտրոնական բանկին հանձնարարել է հնգօրյա ժամկետում բիզնեսի աջակցության ծրագիր մշակել՝ մարդկանց զբաղվածության և աշխատավարձերի պահպանման համար։

Պուտինի խոսքով՝ հարկավոր է մեղմել համավարակի բիզնեսին հասցրած հարվածը,  քանի որ գործարարները մեծ վնասներ են կրել։

Բջջային հավելվածի միջոցով բացահայտվել է կորոնավիրուսով վարակվելու 4 դեպք

ՌԴ ղեկավարի կարծիքով՝ փոքր և միջին բիզնեսի պարտավորությունները պետք է վերակազմավորվեն և մաս առ մաս վճարվեն։ Նա նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որ բոլոր ընկերությունները կարողանան աստիճանաբար աշխատանքային նորմալ գրաֆիկի վերադառնալ։

Մարզերի խնդիրները

Պուտինի խոսքով՝ բոլոր մարզերին տրվող  անհետաձգելի առաջադրանքն է բժշկական հաստատությունների բարձր պատրաստվածության ապահովումը և դրանց հնարավորությունների ընդլայնումը։

Մնացականյանն ու Լավրովը զրուցել են հեռախոսով. խոսել են կորոնավիրուսի մասին

Նա ընդգծել է, որ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում ծագած բոլոր հարցերը պետք է լուծել արագ և օպերատիվ կերպով։

Նախագահը ֆինանսների նախարարությանը հանձնարարել է ապահովել ճկունություն ու ազատություն՝ մարզերին կորոնավիրուսին հակազդելու համար միջոցների բաշխման հարցում։

Ըստ Պուտինի՝ բոլոր մարզերը չպետք է COVID-19-ի դեմ պայքարի նույն շաբլոնով գործեն, քանի որ դա անարդյունավետ կլինի։

Աջակցություն բժիշկներին

ՌԴ նախագահը հայտարարել է, որ ապրիլից սկսած կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկները երեք ամսով հատուկ պարգևավճարներ պետք է ստանան՝ 25-80 հազար ռուբլի։ Նրա որոշմամբ՝ ՌԴ իշխանությունը մարզերին 10 միլիարդ ռուբլի կտրամադրի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում բժիշկներին լրացուցիչ վճարելու համար։ 

Օգնություն քաղաքացիներին

Պուտինի խոսքով՝ 3-7 տարեկան երեխաների ծնողները վճարումներ ստանալու համար հիմա ստիպված չեն լինի տեղեկանքներ ներկայացնել։ Նրանք, ովքեր կորցրել են աշխատանքը և զբաղվածության կենտրոն են դիմել մարտի 1-ից հետո, ապրիլ, մայիս և հունիս ամիսներին գործազրկության նպաստ կստանան՝ նվազագույն աշխատավարձի չափով։

Կորոնովիրուսի դեմ պայքարող բուժաշխատողները կպարգևատրվեն. Մարությանն է որոշել

Նախագահը նաև առաջարկել է մոտակա 3 ամսում երեխաներ ունեցող այն ընտանիքներին, որտեղ ծնողները կորցրել են աշխատանքը, վճարել ամսական լրացուցիչ 3000 ռուբլի՝ յուրաքանչյուր երեխայի համար։

Բացի այդ, Պուտինը հանձնարարել է ապահովել փաստաթղթերի, ներառյալ անձնագրերի ժամկետի ավտոմատ երկարացումը։

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը(ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետությունների կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։ Համաձայն միջազգային վիճակագրության Worldometers կայքի՝  ապրիլի 8-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1 միլիոն 431 հազար 973 մարդու։ Մահացել են վարակվածներից 82 096-ը, առողջացել է 302 209 մարդ։