ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 92 մլն եվրո աջակցություն

Եվրոպական միության` Հայաստանին տրամադրած գումարը կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի –Sputnik. Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը տեղեկացնում է, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո աջակցության ՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների համար:

Չինաստանի ուղարկած օգնությունը շուտով Հայաստանում կլինի. Ավինյանն ասել է` ինչ է բերվում

«Միջոցները կուղղվեն բժշկական սարքավորումների և պարագաների մատակարարմանը, բուժանձնակազմի և լաբորատոր աշխատակիցների վերապատրաստմանը։ Բացի այդ, դրանք կօգտագործվեն ՓՄՁ-ներին և գործարար հանրության աջակցության, ինչպես նաև սոցիալական և հումանիտար օգնության տրամադրման համար կորոնավիրուսի բռնկման հետևանքով տուժածներին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ` ապրիլի 2-ին հայտնել էին, որ Եվրոպական միությունը 51 մլն եվրո կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով։

Մարտի 31-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ առաջիկա օրերին ՀՀ առողջապահական համակարգը համալրվելու է նոր սարքավորումներով, մասնավորապես՝ ձեռք են բերելու 100 շնչառական ապարատ, 60 հազար թեստ, նաև բժշկական այլ պարագաներ՝ դիմակներ, բժշկական հատուկ հագուստ, ակնոցներ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 8–ի դրությամբ հասել է 881-ի։