ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Չի բացառվում, որ կորոնավիրուսի դեմ պայքարում օրուգիշեր աշխատող բժիշկներին ու բուժքույրերին օգնության գան ռոբոտները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ արձագանքելով Sputnik Արմենիայի լրագրողի առաջարկին՝ կառավարության դրամաշնորհային ծրագրերում նաև այսօրինակ ինժեներական նախագծերը ներառելու մասին:
«Ծրագրերն իրականում չեն սահմանափակվում միայն ծրագրային շրջանակներով: Մենք նախորդ դրամաշնորհների շրջանակներում, օրինակ, Ռոբին անունով ռոբոտ ունեցող մի ընկերության, որը եթե չեմ սխալվում «Էքսպերտ Թեքնոլոջիս» էր կոչվում, դրամաշնորհների մրցույթում հաղթող ճանաչեցինք»,- ասաց նախարարը:
Արշակյանը հիշեցրեց, որ ռոբոտը մանկական կլինիկայում երեխաներին սպասարկելու համար է, և երեխաներն այդ ռոբոտի շնորհիվ հաղթահարում են բժիշկների նկատմամբ իրենց մանկական վախերը:
ՌԴ-ից ռազմական մասնագետներ ժամանեցին Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու
«Երեխաները միայն այդ ռոբոտի խաթեր գնում ու իրենց բժիշկների հետ շփվում են: Գիտեք՝ հիվանդանոցները նաև մեր մանկության վախերից են: Հրաշալի գաղափար եք տալիս մեր ընկերություններին: Օրինակ՝ այսպիսի վտանգավոր պայմաններում գուցե դիմեն մեր դրամաշնորհային մրցույթներին»,- ասաց Արշակյանը:
Նախարարն իր հերթին խոստացավ, որ կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված ծրագրերն այս փուլում առաջնահերթություն կստանան դրամաշնորհների մրցույթներում:
Կորոնավիրուսը պահում է տեմպը. Հայաստանում վարակվածների թիվը դարձավ 881