ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի –Sputnik. Արցախի տեղեկատվական կենտրոնը հաղորդում է, որ այս պահի դրությամբ Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան:
«Նախորդ օրը կորոնավիրուսով վարակված անձի առողջական վիճակը գնահատվում է նորմալ: Նրա հետ շփման մեջ եղած անձանց մոտ ախտանիշներ չկան. վերջիններս գտնվում են բժիշկների շուրջօրյա վերահսկողության տակ»,–նշված է հաղորդության մեջ։
Լրացուցիչ ապահովության նկատառումներից ելնելով` անհրաժեշտ աշխատանքներ են տարվում նաև վարակվածի հարևան բնակավայրում:
Հիշեցնենք` երեկ` ապրիլի 7-ին, հայտնի դարձավ, որ Արցախում կորոնավիրուսի դեպք է հաստատվել, վարակվածը Միհրիկ գյուղի բնակիչ է։
Վարակված քաղաքացին ապրիլի 2-ին առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ից՝ «վարակի օջախ» համարվող բնակավայրից: ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը երեկ հայտնեց, որ կորոնավիրուսով հիվանդ անձը, որը 60 տարեկանից բարձր է ու հետևաբար գտնվում է ռիսկի խմբում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևան և ընդունվել հիվանդանոց: