Առաջիկայում թռիչքներ չեն լինի. «Դոմոդեդովոյում» մնացած հայերին հորդորում են հյուրանոց գնալ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հյուրանոցներ է տրամադրել «Դոմոդեդովոյում» մնացած ՀՀ քաղաքացիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանության ներքո ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանն այս պահին հանդիպում է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։

«Ես ուղղակի ապշած եմ». Նարեկ Հախնազարյանը կարանտինը կանցկացնի երևանյան հյուրանոցում

«Ղազարյանը հանդիպում է այն ՀՀ քաղաքացիների հետ, ովքեր նախորդ օրը տեղի ունեցած չարտերային թռիչքով չեն կարողացել վերադառնալ Հայաստան և հրաժարվել են տեղափոխվել հյուրանոց՝ նախընտրելով մնալ օդանավակայանում։ Զրույցի ընթացքում Ղազարյանը հորդորել է քաղաքացիներին օդանավակայանից տեղափոխվել դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ղազարյանը հայտնել է, որ առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան թռիչքներ նախատեսված չեն։

Դեսպան Տողանյանը հանդիպել է «Դոմոդեդովոյում» մնացած ՀՀ քաղաքացիների հետ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին ստեղծված իրավիճակում զերծ մնալ օդանավակայան ուղևորվելուց։ Հնարավոր թռիչքի մասին տեղեկատվությունը նախատպես կտեղադրվի դեսպանության Facebook սոցցանցի էջում և դիվանագիտական ներկայացուցչության կայքում (russia.mfa.am):

Հիշեցնենք` ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ Մոսկվա-Երևան չվերթի չեղարկման պատճառով մնացել են «Դոմոդեդովո» օդանավակայում։

Ապրիլի 6-ին և 7-ին չարտերային չվերթով Ռուսաստանից Հայաստան է վերադարձել ավելի քան 400 քաղաքացի։ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանից Հայաստան գալու համար ցուցակագրված քաղաքացիների թիվը գերազանցում է 2000–ը։