«Անում ենք հնարավորն ու անհնարինը»․ Տիգրան Ավինյանը կոչով դիմել է քաղաքացիներին. տեսանյութ

Ավինյանը վստահ է, որ այս ամենից կարող ենք հաղթանակած դուրս գալ միայն ու միայն դժվարին պահերին համախմբված, միասնական և համերաշխ լինելու մեր բացառիկ հատկանիշով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում հանդես է եկել հանրությանն ուղղված կոչով, որով քաղաքացիներին կրկին հորդորում է մնալ տանը, կանխել կորոնավիրուսի տարածումը, դրանով իսկ փրկելով մարդկային կյանքեր։

«Համաճարակի դեմ պայքարի շրջանակներում  այս օրերին պետական համակարգն աշխատում է ուժերի գերլարումով։ Լիարժեք մոբիլիզացիայի միջոցով անում ենք հնարավորն ու անհնարինը , որպեսզի ապահովենք բոլորիս անվտանգությունն ու առողջությունը։ Սակայն մենք այս ամենից կարող ենք հաղթանակած դուրս գալ, միայն ու միայն դժվարին պահերին համախմբված, միասնական և համերաշխ լինելու մեր բացառիկ հատկանիշով»,-ասել է Ավինյանը։

Արհեստական շնչառության սարքերի արտադրություն սկսելը հեշտ չէ. նախարարն ասել է, թե ինչու

Նա հորդորել է մարդկանց օգնել իրար, լինել պատասխանատու և կարգապահ։

«Մնացեք տանը, հետևեք հիգիենայի կանոններին, եթե ունեք հիվանդության ախտանշաններ՝ բարձր ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն անմիջապես դիմեք ձեր բժշկին»,-ասել է փոխվարչապետը։

Նա հույս է հայտնել, որ համերաշխության ու միասնության շնորհիվ կարող ենք հաղթահարել ամեն փորձություն։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածերի թիվը ապրիլի 8–ի ժամը 11–ի դրությամբ 881 է:

Բուժվածների թիվը 114 է, փաստացի բուժման մեջ է 758 հիվանդ, որոնցից 8-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ 4571 թեստի պատասխան բացասական է եղել: 9 մարդ մահացել է:

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Հայաստանում մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը:

«Ես ուղղակի ապշած եմ». Նարեկ Հախնազարյանը կարանտինը կանցկացնի երևանյան հյուրանոցում

Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ: