ՍԱՏՄ-ն վերահսկում է նաև սննդամթերքի առցանց վաճառքի իրականացումը. ինչ աշխատանքներ են տարվել

Գեորգի Ավետիսյանը ներկայացրեց այս օրերին կատարված աշխատանքը, խոսեց արտադրամասերից մեկում հայտնաբերված վարակակրի մասին և ներկայացրեց այն արտադրամասերը, որոնց թույլատրվել է միայն առցանց վաճառք իրականացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի-Sputnik. ՍԱՏՄ տեսուչները վերջին մեկ ամսվա ընթացքում այցելել են Երևանում մոտ 500, մարզերում՝ գրեթե 3600 սննդամթերքի իրացման կազմակերպություններ և արտադրություններ, տեղում ստուգումներ իրականացրել։ Կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած ասուլիսի ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ներկայացրեց, թե ինչ միջոցառումներ են իրականացվել մարտի 13- ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում։

Կոտայքի մարզի խանութներում ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք․ ՍԱՏՄ

Նա հիշեցրեց, որ իրացման ցանցերին, հանրային սննդի օբյեկտներին և սննդամթերքի արտադրություններին բաժանել են վարակի տարածումը նվազեցնելուն ուղղված գործողությունների ուղեցույցներ, ապա նաև տեսչական մարմինն ամենօրյա ռեժիմով հետևում է ուղեցույցի պահանջների կատարմանը։ Ամենօրյա ռեժիմով տեսչական մարմինը գրեթե բոլոր մեծ արտադրամասերից ֆոտո և տեսառեպորտաժներ է նաև ստանում, որոնք ներկայացնում են այդ օրը կատարած ախտահանիչ միջոցառումները։

«Մարտի 27-ին և 28-ին մշտադիտարկումներ են իրականացվել  հանրապետության տարածքում գործող գյուղատնտեսական արտադրության 18 շուկաներում, արձանագրվել է, որ մարզերում շուկաների մեծ մասը չի գործում, իսկ գործող շուկաներում միայն մի քանի կետում է վաճառք իրականացվում, այցելուների քանակն էլ նկատելիորեն պակասել է»,- նշեց Ավետիսյանը՝ հավելելով, որ շրջայցերի ընթացքում սանիտարահիգիենիկ նորմերին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքերում տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Երևանի խոշոր սուպերմարկետներն ախտահանվում են. լուսանկարներ

Ապրիլի 6-ին տեսչական մարմնում ստեղծվել է աշխատանքային խումբ սննդամթերքի առցանց վաճառքով զբաղվող կազմակերպությունների աշխատանքի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու համար։

Սննդամթերքի որևէ տեսակից կորոնավիրուսով վարակվել հնարավոր չէ. Ավետիսյան

«Երեկ տեսչական մարմնի Գեղարքունիքի և Արագածոտնի մարզային կենտրոնի աշխատակիցներն այցելել են բոլորիս հայտնի «Ծովագյուղ» և «Գնթունիք» սուպերմարկետ-ֆուդկորտեր և պարզել, որ այդ վայրերում հանրային սննդի կազմակերպման գործընթացը դադարեցված չէ»,- հայտնեց Ավետիսյանը՝ հավելելով, որ տեղում կասեցվել է նրանց աշխատանքը, այսօրվանից այդ ընկերություններն իրականացնում են միայն առաքում։

Ավետիսյանը անդրադարձավ նաև այն խնդրին, որ հացը խանութների մի մասում շարունակում են չփաթեթավորած վաճառել։ Նա նշեց՝ հացի փաթեթավորմանը վերաբերող օրենսդրական պարտադիր պահանջ չկա, սակայն ՍԱՏՄ հորդորներով՝ տնտեսվարողների մեծ մասն իրականացնում է փաթեթավորում։ Անդրադառնալով այն մտահոգություններին՝ թե արդյոք հացը կարող է կորոնավիրուսի փոխանցման աղբյուր լինել, Ավետիսյանը նշեց, որ գիտական որևէ աղբյուրում նման բան չի նշվում, գոնե իրենք ծանոթ չեն։

Աքորիում 165 գլուխ խոզ է սատկել. ո՞րն է զանգվածային անկման պատճառը

Մեկնաբանելով  «Դարոյինք» արտադրամասում կորոնավիրուսով վարակվելու դեպքի մասին խոսակցությունները` տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ վարակվածը եղել է մենեջերը, այլ ոչ թե արտադրամասի աշխատակից, որի հետ արտադրության մասնակիցները շփում չեն ունեցել

Հիշեցնենք նաև, որ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։ 

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը: Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ: