Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՀՀ նախկին նախագահը 2 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում վարչապետի հայտարարությունների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դատական տեղեկատվական համակարգում նշված է, որ Քոչարյանը հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել դատարան:

Սերժ Սարգսյանի եղբորորդին կմնա ճաղերի հետևում

Հայցը ներկայացվել է ապրիլի 3-ին, մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ դատարանից 2 միլիոն դրամ փոխհատուցում են պահանջում: Նրա խոսքով` հայցի պատճառը վարչապետի` պաշտպանության բյուջեն ավելացնելու մասին հայտարարություններ են, որոնք նա հնչեցրել է մարտին։

Փաշինյանն իր ելույթներից մեկում ասել էր, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Խաչատրյանը, Գագիկ Բեգլարյանը, Արամ Հարությունյանն իրենց թալանածը կոպեկ-կոպեկ բերելու են բանակի զարգացմանը։