Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մեկնաբանությունների թեմա է դարձել. պարզաբանում

Պետական կառավարման համակարգում պարգևատրումների ֆոնդը տարեկան կազմում է ավելի քան 25 միլիարդ դրամ, որի նվազագույն մասն ուղղվում է նախարարների, փոխնախարարների և գլխավոր քարտուղարների պարգևատրմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի` պարգևատրումների վերաբերյալ հայտարարության առնչությամբ պարզաբանում է տարածել։

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Երեկ Փաշինյանը ֆեյսբուքյան ասուլիսում հայտնել էր, որ բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրումների ընդհանուր ֆոնդը կազմում է 1 միլիարդ դրամ։ Այս հայտարարությունը քննարկումների ու մեկնաբանությունների թեմա է դարձել։

«Տարեկան պարգևատրումների 1 միլիարդ դրամ ֆոնդը բացառապես բարձրաստիճան պաշտոնյաներին տրամադրվող պարգևավճարներին է հատկացվում, այլ ոչ թե ընդհանուր պետական կառավարման համակարգի աշխատակիցներին։ Նախորդ տարվանից սկսած` բոլոր նախարարությունների և գերատեսչությունների աշխատակիցների պարգևատրման համար պետբյուջեով նախատեսվել են հատկացումներ՝ տվյալ գերատեսչության աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով։ Սրանք հատկացվում են պետական կառավարման համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ սկսած ամենակրտսեր պաշտոն զբաղեցնող անձանցից, վերջացրած բարձրաստիճան պաշտոնյաներով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վարչապետի հեղափոխական հազն ու իմբիրի գինը. Փաշինյանը հասկացել է գնաճի պատճառը

Ընդհանուր առմամբ, պետական կառավարման համակարգում պարգևատրումների ֆոնդը տարեկան կազմում է ավելի քան 25 միլիարդ դրամ։ Սրա նվազագույն մասն է միայն ուղղվում բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախարարների, փոխնախարարների և գլխավոր քարտուղարների պարգևատրմանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց` որ դեպքում կհեռանա իշխանությունից

Նշվում է, որ վարչապետը բազմիցս հրապարակային հայտնել է իր դիրքորոշումն այս հարցերի վերաբերյալ և հռչակել քաղաքական կուրս։ Փաշինյանն ասել է, որ պետք չէ նախարարին մեղադրել կենսաթոշակառուից բազմապատիկ անգամ ավել աշխատավարձ ստանալու մեջ, քանզի նախարարի աշխատանքի որակից է կախված թոշակառուի հետագա բարեկեցության մակարդակը:

Կառավարության մամուլի ծառայությունը հորդորում է այս և այլ հարցերի շուրջ զերծ մնալ մանիպուլյատիվ մեկնաբանություններից և կեղծ տեղեկատվություն ներկայացնելուց:

Հիշեցնենք, որ երեկ ուղիղ եթերում վարչապետն ասել էր, որ իր որոշմամբ մարտ ամսվա համար պետական բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանա։ Այդ գումարները կուղղվեն կորոնավիրուսի բուժման համար իրականացվող ծախսերին։

Փաշինյանը շարունակում է դժգոհել. ով է վարչապետի ուշադրությունը գրաված բարեգործը