ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի –Sputnik. Մարզերի՝ կրթական համակարգից դուրս մնացած աշակերտներին աջակցելու համար արդեն իսկ 600 սարքավորում է տրամադրվել` համակարգիչներ, պլանշետներ և այլն։ Կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Հեռավար լողի դասեր անջուր «լողավազանում». զվարճալի տեսանյութ` 4 փոքրիկների մասնակցությամբ
«Սակայն, ըստ մեր տվյալների, առնվազն 24 000 սարքերի կարիք կա, քանի որ որոշ աշակերտներ չունեն կապի որևէ միջոց։ Աշակերտներին տրամադրած սարքավորումների զգալի մասը նոր է։ Այս պահի դրությամբ աշակերտների 80 տոկոս ներգրավվածություն ունենք հեռավար դասերին»,–ասաց փոխնախարարը` հավելելով, որ սարքավորումների հավաքագրումը շարունակվում է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում։
Անդրեասյանի խոսքով` մարտի 26–ից էլեկտրոնային մատյան է գործարկվել, և ուսուցիչների 80 տոկոսն այնտեղ արդեն իսկ գրանցվել է։
Փոխնախարարը հայտնեց նաև, որ կապի օպերատորներից մեկը մատչելի սակագին է առաջարկել կրթական ծառայություններից օգտվելու համար։
Առաջիկայում, ըստ նրա, նոր օպերատորներ ևս կմիանան այս նախաձեռնությանը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված մարտի 12-ի երեկոյան որոշվեց` հաջորդ օրվանից հետաձգվում են դասերը։
Ուսումնական կենտրոններում անցան հեռավար ուսուցման։
Ինչու է ուսուցիչը հեռախոս նվիրում աշակերտին, կամ հեռավար կրթության լավ և վատ կողմերը