Մարդիկ օնլայն հարթակներում թատրոն, համերգ, օպերա են դիտում. մշակութային շարժը մեծ է

Բոլոր թատերական և համերգային կառույցներն այս օրերին ակտիվ գործունեություն են ծավալում օնլայն հարթակում, իսկ նրանց հետևում են արտակարգ դրության պատճառով տանը նստած բազմահազար մարդիկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի– Sputnik. Մշակույթի հանդեպ հանրության լայն շրջանակի հետաքրքությունը մեծացել է: Սա են փաստում օնլայն հարթակում թատերահամերգային տեսանյութերի բազմահազարանոց դիտումները։ Տեղեկությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ կրության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ճգնաժամային իրավիճակում հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ ոչ միայն չի նվազել, այլև որոշ դեպքերում նկատում ենք հետաքրքրության շեշտակի աճ:

Շաբաթական երկու օր մեկուսացվածները համերգ «կգնան». համերգաշարը կբացի Համասյանը

Տեսնում ենք, որ մեր պետական կառույցների Facebook-ի պաշտոնական էջերի հետևորդների քանակը բազմապատկվում է: Խնդիր ունենք անել այնպես, որ ճգնաժամի հաղթահարումից հետո տվյալները չնվազեն և ձևավորենք կայուն հետևորդների ինստիտուտ»,-ասաց Խզմալյանը:

Նրա խոսքով` այս շաբաթվանից կսկսեն պետական կառույցների PR և մարքեթինգի պատասխանատուների հետ համապատասխան վեբինարներ կազմակերպել, որպեսզի մշակեն այս տվյալները պահպանելու և զարգացնելու ձևաչափերը:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, օրինակ, մարտի 17-ից մինչև ապրիլի 5-ը Facebook-ի իր էջում հեռարձակել է վեց ներկայացում:

Արամ Խաչատրյանն ու կորոնավիրուսը. կամավորներն ու բուժաշխատողները պարում են տանիքում

Խզմալյանի հավաստմամբ` միայն օպերային թատրոնին վերաբերող նյութերն ունեցել են 326 հազար դիտում: Նշված ժամանակահատվածում նյութերի ընդհանուր դիտումների քանակը անցնում է 840 հազարից: Թատրոնի Facebook-ի հետևորդների թիվը նշված ժամանակահատվածում ավելացել է 5 000-ով: Այս թվերն ապահովվել են առանց գովազդային աջակցության, առանց հավելյալ ծախսերի:

Դիլիջանյան կարանտին. մեկուսացվածների համար համերգ են կազմակերպել․ տեսանյութ

Խզմալյանն անդրադարձավ «Առականի» շարքին, որի առաջին հաղորդումն արդեն իսկ թողարկվել է: «Աշխատում ենք, որ նախարարության պատրաստած բոլոր նախագծերն ունենան հստակ կրթական ուղերձներ: Հաղորդաշարի շրջանակում Համազգային թատրոնի արտիստներն ընթերցում են առակներ: Հետո քննարկում է կազմակերպվում, և դերասանները կոչ են անում քննարկումը տեղափոխել տուն»,-ասաց նա:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հիշեցրեց, որ կան համայնքեր, որտեղ դեռ առկա են համացանցի և համակարգչի հասանելիությունն ապահովելու խնդիրները:

Նախարարության պատրաստած հաղորդումներն այդ համայնքներում հասանելի դարձնելու նպատակով իրենք համագործակցում են մարզային, համայնքային հեռուստաընկերությունների հետ, որոնք մեծ պատրաստակամությամբ ու սիրով հեռարձակում են բոլոր այն հաղորդումները, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցուցադրում է Երևանում:

Քոչարիով կհաղթենք. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկները պարում են. տեսանյութ

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։