Հայաստանում Մայրության ու գեղեցկության օր է. տոնի նախապատմությունն ու խոստումները

Աշխարհում երևի շատերն են զարմանում, երբ իմանում են, որ Հայաստանում տարվա մեջ երկու անգամ են կանանց տոն նշում։ Մեզ համար վաղուց սովորական է դարձել, որ գարնան ընթացքում գոնե երկու օր կանայք պիտի ավելի շատ ժպտան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Հայաստանի տոնացույցում ապրիլի 7–ը Մայրության և գեղեցկության օրն է։ Մեր ազգային օրացույցում ընդգրկված օրը, սակայն, այնպես չէ, որ հեշտությամբ է իր տեղը հաստատել մյուս տոների կողքին։ 1995թ.–ից ազգային տոնացույցում ներառված ապրիլի 7-ը որոշ ժամանակ լուսանցքից դուրս էր մնացել։

Մինչև Ապրիլի 7-ը ներառյալ… Մարտի 8 է. նախնիների ձևակերպած միասնության կարևոր ուղերձը

Տարիներ առաջ, երբ Ազգային ժողովը մարտի 8-ը հանել է տոնացույցից՝ որպես Կլարա Ցետկինի սոցիալիստական գաղափարների ուղղորդում ՀՀ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը (այն ժամանակ` ԱԺ պատգամավոր) գտել է հնարը՝ կանանց տոն ունենալու համար։

Հակոբյանը Sputnik Արմենիային դեռ 2017–ին է պատմել, թե ինչ հնարքի է դիմել, որպեսզի պատգամավորները կողմ քվեարկեն օրինագծին։

Նա նախ դիմել է աստվածաշնչյան կերպարների օգնությանը. ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Մարիամ Աստվածածնի ավետման տոնը։ Հակոբյանը հենց այդ օրն էլ որոշել է հռչակել մայրության և գեղեցկության տոն։ Խորհրդարանը, սակայն, դեմ է եղել օրինագծին, և որպեսզի կանայք ու աղջիկները պաշտոնական տոն ունենան, Հրանուշ Հակոբյանը մեկ ուրիշ հնարամտության է դիմել։

Մարտի 8. ի՞նչ է կատարվում Երևանի ծաղկի շուկայում

«Քանի որ ԱԺ նիստերը հեռարձակվում էին ուղիղ եթերով, ես օպերատորներին խնդրեցի ցույց տալ լուսատախտակը, որտեղ երևում է, թե ով ինչպես է քվեարկել։ ԱԺ ամբիոնից դիմեցի պատգամավորների կանանց՝ հորդորելով հետևել քվեարկությանը, որպեսզի նրանց, ովքեր դեմ քվեարկեն նախագծին՝ կանայք տուն չթողնեն»,–պատմել է Հակոբյանը։

Օրինագիծը, բնականաբար, ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ։

Մնում է, որ տղամարդիկ ժպիտ պարգևեն իրենց շրջապատող կանանց, իսկ կանայք ու աղջիկներն էլ իսկապես վայելեն իրենց տոնը։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվում` որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։