ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի- Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիաընկերության իրականացրած Մոսկվա-Երևան երկու չվերթով Հայաստան են վերադարձել ՌԴ-ում գտնվող չորս հարյուրից ավելի ՀՀ քաղաքացիներ:
«Հաշվի առնելով ՀՀ քաղաքացիներից ոմանց մոտ ստեղծված ֆինանսական դրությունը՝ ավելի քան 150 հոգու հնարավոր է եղել ապահովել անվճար տոմսերով: Մեր շնորհակալությունն ենք հայտնում ՀՀ քաղաքացիների համար ուղետոմսեր ձեռքբերելու հարցում աջակցություն ցուցաբերած մեր բոլոր հայրենակիցներին»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վերոնշյալ չվերթերով Հայաստան վերադարձած քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:
ԱԳՆ-ն տեղեկացնում է նաև, որ եղել են քաղաքացիներ, որոնք չեն կարողացել մեկնել նշված չվերթերով։ Նրանցից մոտ 200-ը՝ դեսպանության համակարգմամբ, տեղավորվել է 4 հյուրանոցներում: Մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի էլ հրաժարվել է տեղափոխվել հյուրանոց՝ նախընտրելով մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում:
Հիշեցնենք` ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ Մոսկվա-Երևան չվերթի չեղարկման պատճառով մնացել են «Դոմոդեդովո» օդանավակայում։
ՌԴ–ից Հայաստան եկողներին կտեղափոխեն հյուրանոցներ. ևս մեկ թռիչք է լինելու
Նրանցից 222-ը ապրիլի 6-ին հայրենիք է վերադարձել և տեղափոխվել Երևանի ու Ծաղկաձորի հյուրանոցներ։
Երկրորդ չարտերային չվերթը կայացավ այսօր։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանից Հայաստան գալու համար ցուցակագրված քաղաքացիների թիվը գերազանցում է 2000–ը։