Արցախում որոշել են մեկուսացնել մի ամբողջ գյուղ, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի դեպքը

Գյուղում ապրող 40 ընտանիքին կապահովեն անհրաժեշտ պարենամթերքով, որպեսզի նրանք տնից դուրս գալու անհրաժեշտություն չունենան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik.Արցախում գրանցված կորոնավիրուսի առաջին ու առայժմ միակ դեպքից հետո Արցախի Հանրապետության իշխանությունները որոշել են տվյալ քաղաքացու բնակության վայրը՝ Միրիկ գյուղն ամբողջությամբ ինքնամեկուսացնել: Տեղեկությունը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Գյուղի ամբողջ տարածքը, բոլոր տները կախտահանվեն, գյուղը կապահովվի ամենօրյա պարենամթերքով՝ դրանով նվազեցնելով նրանց տնից դուրս գալու անհրաժեշտությունը»,- ասաց նա` նշելով, որ վարակակրի անմիջական շփման շրջանակը 12 հոգի է, բայց հաշվի են առել վարակի տարածման ռիսկը և մեկուսացրել ամբողջ գյուղը, որտեղ 40 ընտանիք է ապրում։

Կորոնավիրուսով հիվանդ անձը, որը 60 տարեկանից բարձր է ու հետևաբար գտնվում է ռիսկի խմբում, պետնախարարի խոսքով, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևան և ընդունվել հիվանդանոց:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 853–ի. 20 նոր դեպք է արձանագրվել

Մարտիրոսյանը նաև հայտնեց, որ վարակակիրը վերադարձել էր ՀՀ Արտաշատ քաղաքից, որտեղ էլ ենթադրաբար վարակվել էր:

Հիշեցնենք՝ վարակված քաղաքացին ապրիլի 2-ին առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ից՝ «վարակի օջախ» համարվող բնակավայրից:

Երկրորդ քաղաքացին, որը թեստավորվել է, եղել է ՀՀ-ից վերադարձող քաղաքացու հարևանուհին, որը ապրիլի 4-ին այլ խնդրով տեղափոխված է եղել նույն բուժմիավորում՝ բրոնխիտի ախտանիշներով: Նրա մոտ կորոնավիրուսի վարակի առկայությունը չի հաստատվել:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 853-ի։