Սկանդալներից աչք չբացող վրացի հաղորդավարն ուղիղ եթերում հեգնել է հայերին

Այս անգամ սկանդալային հաղորդավարն աչքի է ընկել հայերի հասցեին հնչեցրած «կծու խոսքերով», ինչը Վրաստանում արդեն «հայատյացություն» են որակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. «Մթավարի ախրի» վրացական հեռուստաընկերության PostFactum-ի սյուժեն կորոնավիրուսի մասին ու հաղորդավար Գերոգի Գաբունիայի հնչեցրած սուր արտահայտությունները հայերի հասցեին քննադատությունների ալիք են բարձրացրել։ Մասնավորապես՝ Վրաստանի «Լրագրողական էթիկայի խարտիան» նշել է, որ սյուժեում ռասիզմի, քսենոֆոբիայի ու ազգային հատկանիշով խտրականության տարրեր կան։

Հաղորդման՝ «գեները կորոնայի դեմ» ռեպորտաժը նվիրված էր գեների դիմադրողականությանը։ Ռեպորտաժում գիտնականները նշել են, որ կան ժողովուրդներ, որոնք ավելի դիմացկուն են վարակի նկատմամբ։ Ըստ նրանց՝ վրացիներն այդ ժողովուրդների թվին են պատկանում։

Սյուժեի հեռարձակումից հետո Rustavi 2 հեռուստաալիքից հայտնի Գերոգի Գաբունիան հիշատակել է հայերին։

Նոր սկանդալ Վրաստանում. ուղիղ եթերում հայհոյել են Պուտինին. մանրամասներ

«Հիմա սպասում եմ հայ գիտնականների ուսումնասիրություններին։ Ինձ շատ հետաքրքիր է՝ ո՞ր գենետիկ խմբին են պատկանում մեր հարևանները։ Վստահ եմ՝ կպարզվի, որ նրանց ԴՆԹ-ն վրացականից ուժեղ է և ուղղակիորեն քայքայում է կորոնավիրուսը, նրանց ո՛չ պատվաստանյութեր, ո՛չ էլ դեղորայք պետք չեն գա»,- ասել է Գաբունիան։

Հաղորդավարի այս արտահայտությունները առաջացրել են ոչ միայն վրացահայերի զայրույթը։

«Լրագրողական էթիկայի խարթիայի» կայքում հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ իրենք բազմիցս կոչ են արել լրագրողներին առանձնահատուկ նրբանկատությամբ լուսաբանել covid 19-ի թեման։

Հայկական հումորը ռուսական մշակույթի մաս է դարձել, իսկ որտե՞ղ է Վրաստանը. Թինա Կանդելակի

Նշվում է նաև, որ լրատվամիջոցները սոցիալական պատասխանատվություն են կրում ու չպետք է խորացնեն խտրականությունն ու չնպաստեն անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանն ու ատելություն բորբոքելուն։

Մեդիափորձագետ Զվիադա Կորիձեն նշում է, որ նման խոսքերը հանրության շրջանում ֆաշիստական տրամադրություններ են ձևավորում։

Նա կարծում է, որ հաղորդավարի արտահայտություններն էլ ավելի կխթանեն առանց այդ էլ հայատյացությամբ լցված վրացական հանրության տրամադրությունները։

«Չեմ հասկանում՝ ինչու է նման բան ասել։ Ինձ համար ցավալի է, որ նման ռասիստական, քսենոֆոբիայով լի ու որակավորում չունեցող ռեպորտաժ է նկարահանվել մի հաղորդման շրջանակում, որը միշտ աչքի է ընկել խորիմաստ ռեպորտաժներով։ Վատ է, որ ընկերությունը նման էժանագին հնարքների է դիմում», - նշել է Կորիձեն MediaCheker-ի հետ հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Վրաստանի ամենահայտնի հաղորդավարներից մեկը` Գեորգի Գաբունիան իր ծրագրերից մեկը սկսել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված հայհոյանքներով։ Մեկուկես րոպեի ընթացքում Գաբունիան, մեղմ ասած, անպարկեշտ բառերով էր խոսել ՌԴ նախագահի մասին։ Հաղորդավարը չէր խորշել նողկալի բառեր հնչեցնել Պուտինի ծնողների հասցեին` ընդգծելով, որ նրանք արդեն ողջ չեն։

Վրաստանի ղեկավարությունը պետք է ներողություն խնդրի. Թինա Կանդելակին` սկանդալի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել էր «Ռուսթավի 2»–ի հաղորդավարի վիրավորանքների պատճառով առաջացած սկանդալը` նշելով, որ «մեծ պատիվ կլինի նրա դեմ ինչ-որ քրեական գործ հարուցելը»։