ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ռուսաստանից Հայաստան ժամանեց ռազմական մասնագետների առաջին խումբը, որի անդամները հայ գործընկերներին կաջակցեն կորոնավիրուսի դեմ պայքարի հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման գործում: Շուտով տեղ կհասնի երկրորդ խումբը։
Երկկողմ համագործակցության շրջանակում աջակցություն ցուցաբերելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև:
Մասնագետներն իրենց հետ բերել են COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիա և ախտահանման համակարգ։ Պաշտպանության նախարարության տրամադրության տակ այդ համակարգերը հնարավորություն կընձեռեն իրականացնել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետազոտությունները:
Թիրախային խմբերում իրականացվող հետազոտությունները մեծապես կնպաստեն կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանն ու զգալիորեն կբարձրացնեն հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունը, ֆեյսբուքի իր էջում նշել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 853–ի։ Վտանգավոր վարակից բուժվել է 87 մարդ, մահացել՝ 8-ը։
Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում արտակարգ դրություն է հայտարարվել։ Ապրիլի 1-ից արտակարգ դրության ավելի խիստ միջոցներ են կիրառվում։
Սահմանափակվել է երկիր մուտքն ու ելքը, Երևանում և մյուս քաղաքներում արգելվել են հանրային միջոցառումները, փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայինից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։