«Հայաստանը պատերազմական վիճակում է»․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին և առաջարկել ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման իր տեսլականը։ Այն բաղկացած է 9 քայլերից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ILur.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է համավարակի հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին, որը նախկին նախագահը որակել է պատերազմական։

Լևոն Տեր–Պետրոսյանը Բրյուսել մեկնելու հրավեր է ստացել, բայց չի գնալու. ՀԱԿ փոխնախագահ

«Ի տարբերություն ավանդական պատերազմների՝ այսօր ռազմաճակատի գիծ գոյություն չունի, հակառակորդի կրակակետերն անբացահայտելի են, խրամատներն ու բլինդաժներն անօգուտ։ Վիրուսն ամենուրեք է ու անտեսանելի. նա հարվածում է թե՛ առջեւից, թե՛ կողքերից, թե՛ թիկունքից, թե՛ օդից։ Ոչ ոք ապահովագրված չէ ախտահարումից ու ծանր կորուստներից»,- ասել է նա և կոչ արել խուճապի չմատնվել։

Տեր-Պետրոսյանի խոսքով՝ պատերազմները վարում են ոչ թե ժողովրդական զանգվածները կամ ընդդիմադիր քաղաքական ուժերը, այլ օրվա իշխանությունները՝ անկախ դրանց լավ թե վատ լինելու հանգամանքից։ Հասուն պետություններում պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը, գրված թե չգրված օրենքներով, սառեցվում է՝ հնարավորություն տալով իշխանություններին կենտրոնանալու բացառապես իրավիճակի վերահսկման ու հաղթահարման վրա։

«Հայաստանի իշխանությունները, գուցեև ինչ-որ սխալներով ու բացթողումներով հանդերձ (չսխալվող իշխանություն չկա), պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց պարտականություններին, հիմնականում կատարելով իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ ու հնարավոր քայլերը։ Դատելով հասարակության արձագանքներից, ընդհանուր առմամբ, դրական է գնահատվում բուժաշխատողների, ոստիկանության, ԱԻՆ-ի գործունեությունը»,- նշել է Տեր-Պետրոսյանը։

Լևոն Տեր–Պետրոսյանին էլ կհարցաքննեն

Ըստ նրա՝ մինչ իշխանություններն զբաղված են գրեթե շուրջօրյա տքնաջան աշխատանքով, չգնահատված հանճարների, սադրիչների ու չարակամների մի հսկայական բանակ, հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող անթիվ լրատվամիջոցներով ու հարյուրավոր ֆեյքերով, փաստորեն պատերազմի երկրորդ ճակատ է բացել նրանց դեմ։

Լևոն Տեր–Պետրոսյանը նեղացած է Փաշինյանից. «Իրավունք»

«Առերևույթ օգտակար խորհուրդների և կառուցողական առաջարկների շղարշի ներքո այնպիսի ատելություն ու թշնամանք է սերմանվում իշխանությունների հանդեպ, որ լրջագույն կասկած է առաջացնում դրանց հեղինակների «բարեկամեցողության» նկատմամբ։ Իշխանության քննադատների մեծագույն մասն առաջնորդվում է ոչ թե իրավիճակի հաղթահարման գործում վերջինիս օժանդակելու, այլ ընդհակառակը՝ խանգարելու ու դրանով քաղաքական դիվիդենտներ շահելու մտադրությամբ, ինչը եթե բնական է սովորական պայմաններում, ապա պատերազմի ժամանակ հավասարազոր է պետական դավաճանության»,- ընդգծել է ՀՀ առաջին նախագահը։

Հաշվի առնելով այս ամենը Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է  ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման իր տեսլականը։ Այն բաղկացած է 9 քայլերից։

  • Քարոզչական ու դաստիարակչական բոլոր միջոցներով հասարակությանը պարտավորեցնել ենթարկվել Արտակարգ դրության պարետի և Առողջապահության նախարարի հրահանգներին, խստորեն կատարել նրանց հանձնարարականները։
  • Դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն և ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները՝ նրանցից հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային։
  • Հակավարակային միջոցառումներին ու դրանցից ծագած սոցիալական խնդիրներին վերաբերող մասնավոր խորհուրդներն ու առաջարկներն արտահայտել ոչ թե հրապարակավ ու ցուցադրաբար, այլ ուղղակի հասցեագրել պարետատանը, նրա կազմում ստեղծելով հատուկ խումբ՝ դրանք ուսումնասիրելու և նպատակահարմարության պարագայում գործադրելու համար։
  • Սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում։
  • Վերջ տալ Արցախի ընտրությունների շուրջ ընթացող խժդժություններին և իշխանության նոր մարմինների շուտափույթ ձևավորմամբ ապահովել հանրապետության լիակատար կառավարելիությունը։
  • Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կարգադրել անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ վերջիններիս ծավալած կատաղի պայքարը և  չկորցնել պետական այրին վայել վարք դրսևորելու այս պատեհությունը։

Վերջում, Տեր-Պետրոսյանը ընդգծել է, որ ներկա օրհասական պահին իշխանություններին խանգարող, սատար չկանգնող, նրանց համար լրացուցիչ խնդիրներ առաջացնող յուրաքանչյուր ոք վտանգում է ոչ միայն երկրի ապահովությունը, այլև իր մերձավորների կյանքը։

Նշենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել: Ապրիլի 1-ից գործում են խիստ սահմանափակումներ: Երկրում վարակվածների թիվը հասել է 853-ի․ 87 մարդ բուժվել է, 8-ը՝ մահացել: