Ապօրինի ձկնորսության դեմ պայքարն ուժեղացվում է

Նոր նախագծով՝ Սևանա լճում արգելվում է բոլոր ձկնատեսակների արդյունագործական որսը, բացի սիգից և կարասից։ Արդյունագործական որսն իրականացվում է օրվա լուսային ժամերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի- Sputnik. Արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքն կիրականացվի միմիայն թույլատրելի 17 տեղամասերից։

Ձուկը կթանկանա. կառավարությունն օրինականացնելու է Սևանի ձկան որսը

Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է նոր նախագիծ, որի նպատակն է կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։ Ինչպես տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից, նախագիծը թույլ կտա առավել արդյունավետ պայքարել ապօրինի ձկնորսության դեմ և գործուն քայլեր ձեռնարկել Սևանի ձկնապաշարների վերականգնման ուղղությամբ։

«Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված նախագծի համաձայն․

  • Արգելվում է Սևանա լճում արդյունագործական որսը բոլոր ձկնատեսակների վրա, բացի սիգից և կարասից։
  • Սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է Մեծ Սևանի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։ Ձկնորսության համար թույլատրելի քաշ է սահմանվում ոչ պակաս, քան 500 գրամը
  • Որսն արգելվում է իրականացնել ձկների ձվադրման շրջանում (դեկտեմբերից-հունվար)
  •  Ձկների արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի):

Սևանա լճում ձկների արդյունագործական որսն իրականացվում է օրվա լուսային ժամերին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Առանձնահատուկ ընդգծվում է, որ նախագծով արգելքը տարածվում է միայն արդյունագործական ձկնորսության նպատակով լիճ մուտք գործող լողամիջոցների վրա։

Ապօրինի որսած ձուկը կնվիրեն բանակին. Կարապետյան

Նախարարությունը շեշտում է՝ ներկայում տեղի ունեցող ապօրինի ձկնորսության ծավալներն ու դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերլուծության և արդյունագործական ձկնորսության կազմակերպման գործող կարգի անկատարության հետևանքով առաջ են եկել մի շարք հարցեր։

Այդ նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործում» պիլոտային ծրագիրը, որի համար հիմք է ընդունվել Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահ¬պանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» որոշումը։