ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik.Արցախում կորոնավիրուսի դեպք է հաստատվել։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախորդ օրը ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների հետազոտության արդյունքներն այսօր ստացվել են, մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական:
«Հաստատված դեպքի մասին հարկ ենք համարում հիշեցնել, որ վերջինս ապրիլի 2-ին առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ից՝ «վարակի օջախ» համարվող բնակավայրից: Երկրորդ քաղաքացին, որը թեստավորվել է, եղել է ՀՀ-ից վերադարձող քաղաքացու հարևանուհին, որը ապրիլի 4-ին այլ խնդրով տեղափոխված է եղել նույն բուժմիավորում՝ բրոնխիտի ախտանիշներով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացին ՀՀ-ից Արցախ վերադառնալուց հետո գտնվել է Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում, ապա նախորդ օրերին, նրա հետ առնչված բոլոր քաղաքացիներն ապահովության նկատառումներով նախօրոք ինքնամեկուսացել են՝ թվով 17 քաղաքացի: Այդ քաղաքացիներն այս պահին որևէ ախտանիշներ չունեն:
Արցախի Համաճարակաբանության և հիգենիայի կենտրոնը նրա հետ հնարավոր շփումների շրջանակը ճշտելուց հետո, օրեր առաջ, ինքնամեկուսացած քաղաքացիների առանձնատներում անհրաժեշտ ախտահանիչ աշխատանքներ է իրականացրել:
Նշենք, որ բնակավայրը շրջկենտրոնից գտնվում 39 կմ հեռավորության վրա, մայրաքաղաքից 89 կմ-ի վրա:
Վերոնշյալ բնակավայրը քաղաքացուն մեկուսացնելուց հետո գտնվել է վերահսկողության տակ:
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 853–ի, վերջին մեկ օրում 20 նոր դեպք է արձանագրվել։