ՌԴ–ից Հայաստան եկողներին կտեղափոխեն հյուրանոցներ. ևս մեկ չվերթ է լինելու

ՌԴ կառավարությունից ևս մեկ չվերթ իրականացնելու թույլտվություն է տվել «Red Wings» ավիաընկերությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. «Red Wings» ավիաընկերության Մոսկվա-Երևան չարտերային չվերթով ՌԴ–ից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ 222 քաղաքացիներին տեղափոխելու են հյուրանոցներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով կտեղափոխվեն Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ 14 օր կլինեն կարանտինի ռեժիմի մեջ»,– գրել է նա:

Ավինյանը տեղեկացրել է նաև, որ րոպեներ առաջ «Red Wings» ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ևս մեկ չվերթ իրականացնելու թույլտվություն է ստացել, մանրամասները կհայտնեն ավելի ուշ։

Հիշեցնենք` ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ Մոսկվա-Երևան չվերթի չեղարկման պատճառով մնացել են «Դոմոդեդովո» օդանավակայում։  Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել էր օդանավակայանում հավաքվածների հետ և հայտնել, որ ավելի քան 800 քաղաքացի է դիմել դեսպանատուն` հայրենիք վերադառնալու հարցում օգնություն ցուցաբերելու խնդրանքով։ Նա կարծում է, որ նրանց թիվն ավելի մեծ է։ Չարտերային չվերթի մասին հայտարարելուց հետո մի քանի ժամվա ընթացքում միայն դեսպանը շուրջ 300 զանգ է ստացել տոմս ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիներից։ Այսօր «Red wings» ավիաընկերությունը Մոսկվա-Երևան չարտերային չվերթ է իրականացրել և 220 մարդու Հայաստան հասցրել։  

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանից Հայաստան գալու համար ցուցակագրված քաղաքացիների թիվը գերազանցում է 2000–ը։