Փաշինյանը զանգել է Պուտինին. խոսել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներից

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի տարածմանը հակազդելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել` քննարկելով կորոնավիրուսի դեմ պայքարին առնչվող երկկողմ համագործակցության հարցեր: Տեղեկությունը հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի տարածմանը հակազդելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները։ Փաշինյանն իր երախտագիտությունն է հայտնել ռուսական կողմին` Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն ցուցաբերելու հարցում», - նշված է հաղորդագրության մեջ։

Կողմերը պաշտպանել են տեսակոնֆերանսի միջոցով Եվրասիական բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը: Պուտինը և Փաշինյանն անդրադարձել են նաև ԵԱՏՄ ուղղությամբ երկկողմ համագործակցության որոշ հարցերի: Բացի այդ, երկու երկրների ղեկավարները քննարկել են առաջիկա շփումների ժամանակացույցը:

Նշվում է նաև, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

Հիշեցնենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

«Դոմոդեդովոյում» հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ կան. ինչ է կատարվում մոսկովյան օդանավակայանում