ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի- Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, նշեց, որ այսուհետ օրական կորոնավիրուսի ախտորոշման հազար թեստ է անցկացվելու։
Նրա խոսքով՝ ներկայում օրական 250-300, առավելագույնը՝ 400 թեստ է արվում, բայց այս թիվը պետք է ավելացվի հենց այս շաբաթ։
«Գուցե դա հնարավոր լինի նաև վաղը կամ մյուս օրը, բայց ուրբաթ օրվանից վստահաբար մենք խնդիր ենք դրել օրը հազար թեստ կատարել»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այս նպատակով մեծ քանակի՝ մոտ 70 հազարի հասնող ախտորոշման թեստեր են գնվում։
Բացի այդ, այսօր կառավարության նիստում որոշում է կայացվել հատկացում կատարել նաև թեստերի տեղական արտադրության համար։
Արդեն 550 հազար դոլարի հատկացում է կատարվել Մոլեկուլային կենսաբանության ինսիտուտին՝ հումքը ձեռք բերելու և արտադրությունը սկսելու համար։ Մասնագետները վստահեցրել են վարչապետին, որ այս հարցում հաջողելու են։
Պատասխանելով օգտատիրոջ հարցին՝ վարչապետը նշեց, որ ըստ էության, ստացվում է, որ բնակչության զանգվածային թեստավորում է արվելու։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 833–ի։ Վերջին մեկ օրվա ընթացքում վարակակիրների թիվն ավելացել է 11–ով։ Արձանագրվել է մահվան 8 դեպք:
Առաջիկայում Հայաստանը ձեռք կբերի 100 շնչառական ապարատ, 60 000 թեստ. Թորոսյան