Հայտնի է` երբ կիրականացվի Մոսկվա–Երևան երկրորդ չարտերային թռիչքը

Այս չվերթով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները, որոնք անմիջապես տեղափոխվելու են հյուրանոցներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երկրորդ չարտերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 7-ին (ժամը՝ 15։40)։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը։

Նշյալ թռիչքով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները:

«Թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի N94 տոմսարկղից (ապրիլի 7-ին, ժամը՝ 09:30-ից սկսած): Ավիատոմսերի հետ կապված հարցերով կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ Մոսկվա: +7-925-009-92-08, +7-926-618-29-18»,– նշված է հաղորդագրության մեջ

Դեսպանությունը հիշեցնում է, որ վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի․ այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր:

Հիշեցնենք` ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ Մոսկվա-Երևան չվերթի չեղարկման պատճառով մնացել են «Դոմոդեդովո» օդանավակայում։

Նրանցից 222–ն այսօր վերադարձել են հայրենիք և տեղափոխվել Երևանի ու Ծաղկաձորի հյուրանոցներ։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանից Հայաստան գալու համար ցուցակագրված քաղաքացիների թիվը գերազանցում է 2000–ը։ 

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է առաջիկա 24 օրվա բոլոր չվերթերը